Լուրեր
Անջու*ուլ ղեկավարը` մաչոների ակումբում
11.09.2023
POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 7-րդ)
Որքան էլ թերահավատ լինեք, իրականում քաղաքականությունը հնարավոր չէ դիտարկել առանց բարոյականության: Բազմաթիվ են այն պատմական օրինակները, թե ինչպես են զոհաբերվում բարոյական նորմերը հանուն նեղ անձնական, քաղաքական շահերի: Սակայն քիչ չեն նաև այն դրվագները, թե ինչպես են բարոյական ուղենիշները պահում ոչ միայն առանձին գործիչներին, այլև ժողովուրդներին պատմության ճիշտ կողմում և համաշխարհային քաղաքականության երեսին:
Քաղաքականության և բարոյականության փոխհարաբերություններում տեսանելի է առնվազն երկու սկզբունքային դրսևորում.
- Քաղաքական արդյունքներ են գրանցվում թե բարոյականության հաշվին, թե բարոյականության շնորհիվ:
- Եթե բարոյականության վրայով անցնելն ավելի շատ առանձին անհատների ամբիցիաների և շահերի բավարարման մեթոդ է, ապա բարոյական նորմերի պահպանումը, արժեքներին հավատարիմ մնալն ավելի բնորոշ է հասարակություններին, որոնց շնորհիվ ժողովուրդները պահպանվում են՝ որպես քաղաքական սուբյեկտներ:
Ահա հենց այսպիսի բախում է այսօր Հայաստանում, որտեղ իշխանությունը պահելու համար փաշինյանական ոհմակը հետևողականորեն տրորում է և քանդում անգամ ամենատարրական բարոյական նորմերը, մյուս կողմից` հայ ժողովուրդն է, որի միակ փրկությունն այս իրավիճակում ազգի հավաքական բարոյականի վերաիմաստավորումն է և դրա շուրջ մոբիլիզացիան:
Թե ինչ տարրերից բաղկացած պետք է լինի 21-րդ դարում հայի բարոյականության փրկօղակը, կներկայացնեմ POSTNIKOL շարքի հաջորդ հոդվածում, իսկ հիմա ցանկանում եմ անդրադառնալ գործող ոհմակի ղեկավարի մի կարևոր հիվանդությանը, որը ճակատագրական ազդեցություն է թողնում մինչև այսօր Հայաստանի և Արցախի վրա:
Սովորաբար ցանկացած ղեկավար կառավարման Օլիմպոսին հասնելու և այն պահելու երկու հիմնական մոտիվացիա, շարժիչ ուժ է ունենում` անկախ պատմական ժամանակահատվածից և աշխարհագրությունից: Այդ երկու շարժիչ ուժերն են իշխանությունը և փառքը:
Պատահական չէ, որ մարդկության պատմական, հոգևոր, մշակութային ժառանգության մի զգալի մասն առաջացել և հասել է մեր օրեր հենց տարաբնույթ ղեկավարների փառքի ծարավին հագուրդ տալու համար. եգիպտական բուրգերից՝ մինչև Կոլիզեյ, Վերսալից՝ մինչև հռոմեական տաճարներ, և այլն:
2018-ի ապրիլ-մայիսից Փաշինյանը ստացավ այդ բաղձալի փաթեթը` անսահման իշխանություն և շլացուցիչ փառք, որը դրսևորվում էր ոչ միայն ներքնաշորերի վրա հայտնված հայտնի սիլուետով, այլև միջազգային մամուլի գլխագրերով և Հայաստանում ի հայտ եկած «հեղափոխական ուռոդիկի» նկատմամբ համաշխարհային հանդիսատեսի զարմանք-հրճվանքով:
2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը, կորցնելով իր փառքը, պիտի հրաժարվեր նաև իշխանությունից, քանզի անդառնալի կորսված էր այլևս իր հեղինակության քաղաքական ամբողջականությունը:
Սակայն չարաբաստիկ կապիտուլյացիայից առ այսօր նրա պայքարն իշխանությունը պահելու համար ստացավ ամենաայլանդակ դրսևորումները, որպես «փառքի ամպուտացիայից» հետո մի ոտքի վրա մնացած մարդու բարդույթ: Իսկ ամպուտացված փառքը ցավում է ֆանտոմային ցավերով, հեղափոխական «համաժողովրդավարական սիրո» սպեղանին կեղտոտվեց և պոկվեց` կրկին մերկացնելով մանկապատանեկան բարդույթները և սիրված լինելու չբավարարված պահանջարկը:
Փառքի վերացումը նա փորձում է կոմպենսացնել տարբեր ձևերով, նախևառաջ՝ մաքսիմալ մեծացնելով իր իշխանության «ոտքը», ինչը միայն խորացնում է ներքին տվայտանքները, քանզի որքան էլ երկարում է նրա իշխանությունը, այն չի բերում փառասիրության բավարարման: Սա է պատճառը, որ Փաշինյանի քաղաքական այլասերումը հանգում է Կալիգուլայի բանաձևին. «թող ատեն, միայն թե վախենան»:
Նա հրաշալի է հասկանում, որ «իշխանություն՝ առանց փառքի» բանաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմված քաղաքական կերպարը, և այս խնդրի լուծմանն է միտված հանրային սիրո բեմադրված տեսարաններով Փաշինյանի իմիջը պրոթեզավորելու օպերացիան: Բայց որքան էլ նա և իր ոհմակը շարունակաբար բեմադրի «ցավդ տանեմ, մեռնեմ ջանիդ» ցածրակարգ ներկայացումները, ինչպես ֆրանսիացիներն են ասում` «կարելի է գնել կնոջը, բայց ոչ իր սերը»:
Անդառնալի անփառունակության տառապանքները չեն կարող քողարկվել նաև «աննախադեպության» նոպաներով, երկրի «կադաստրի վկայական վերջապես ունենալու» զառանցանքը, «խաղաղության դարաշրջանի» ցնորքը, «Հայկական խաչմերուկի» հեքիաթը, «30 տարվա մեջ ամենաբարձր, ամենակլոր, ամենահաստ, ամենաթանկ, ամենայուղոտ» ոճի անոնսները:
Փաշինյանական անապատացած փառքի դաշտերը չեն ջրվում նաև միջազգային քաղաքական գործունեությամբ, որտեղից ստացվում են միայն նրա պատճառով հայ ժողովրդին նսեմացնող և ստորացնող հերթական ազդակներ: Հատկապես այսօր, երբ արտաքին աշխարհը վերածվել է «մարտեր առանց կանոնների» ակումբի, գեոպոլիտիկ մաչոների ֆոնին ժամանակին «կերված ջու*ուլով» և դրսում «անջու*ուլ» ներկայացող ղեկավարը հաջողության ոչ մի շանս չունի (ներեցեք, որ հիշեցնում եմ երկրի ոչ հեռավոր անցյալից այդ դրվագը):
Այդքանից հետո նրան մի բան է մնում. անել այն, ինչ անում էին իրենց հարգող, գոնե սեփական պատիվը մինչև վերջ գետնով չտված գործիչները. Հաննիբալ, Կլեոպատրա, Ներոն, և այլն (անշուշտ, 21-րդ դարում` քաղաքական իմաստով):
Կարելի է, օրինակ, խարակիրի անել Հակարիի կամրջին` համ էֆեկտիվ կլինի, համ` էֆեկտային:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ,
«Նուբարաշեն» ՔԿՀ
10.09.2023
168.am