Լուրեր

Ադրբեջանը մարտավարական փոփոխություն է մտցրել իր տեղեկատվական քաղաքականությունում․ Տիգրան Աբրահամյան

08.09.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ադրբեջանը մարտավարական փոփոխություն է մտցրել իր տեղեկատվական քաղաքականությունում` նախ իր զորքերի խոշոր տեղաշարժերը ներկայացրել որպես ուսումնական գործընթաց, զորավարժություն, ապա նշել, որ իրենց տեղեկություններով Հայաստանի ու Արցախի զինուժը դուրս է բերվել առաջնագիծ ու իբր սպառնալիք ստեղծել Ադրբեջանի համար:
 
Ուրեմն ինչ է իրականում տեղի ունեցել: Ադրբեջանը տարբեր միջոցառումների անվան տակ սահմանագծի մի շարք ուղղություններում ուժերի կենտրոնացում և շարժեր է իրականացնում, որոնցում հրաձգային ստորաբաժանումներից բացի ընդգրկված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, «Կոմանդո»-ների զորամասեր, զրահատանկային միավորներ, հրթիռա-հրետանային զորքեր և այլն:
Դրան արձագանքելով, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ ուժերը համապատասխան վիճակի են բերվել, առաջնագծում տարբեր միջոցառումներ իրականացրել` նպատակ ունենալով Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում անհրաժեշտ պաշտպանություն կազմակերպել:
 
Հիմա Ադրբեջանը, Հայաստանի ու Արցախի պաշտպանողական գործողությունը փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք, հոխորտալով, թե հայերի սադրանքներին ի պատասխան քայլեր կձեռնարկենք:
 
Ի դեպ, Ադրբեջանը նաև հայտարարել է, թե ուսումնական հավաքների զորակոչված պահեստազորայինների ծրագիրն ավարտվել է և նրանք վերադարձել են իրենց բնակավայրեր, սակայն դեռ դժվար է ասել` դրանք զորացրվել ե՞ն, թե՞ համալրել ադրբեջանական բանակի շարքերը:
Ադրբեջանական տեղաշարժերը նկատելի են ոչ միայն զորքերում, այլ նաև տեղեկատվական, քաղաքական և դիվանագիտական դաշտերում»:

← Վերադառնալ ցուցակին