Լուրեր
Ճառեր ասելու ժամանակն արդեն վաղուց անցել է, եկել է զանգ կախելու ժամանակը. Շարմազանով
06.09.2023
Նիկոլ Փաշինյանը, որպես իշխանություն, դարձել է Հայաստանի անվտանգության ու անկախության գլխավոր սպառնալիքը։ Միայն ազգային համախմբման միջոցով կարող ենք ազատվել այս կապիտուլյանտ ռեժիմից։ Կա՛մ պետք է մնա Նիկոլը՝ իր աթոռով, կա՛մ՝ Հայաստանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀ-ի և Արցախի համար այս վճռորոշ օրերին օրվա հրամայական է ազգային, պետական քաղաքական ուժերի, ինստիտուտների ու գործիչների ու բոլոր այն քաղաքացիների, ում համար Արցախի հայկականությունը և Հայաստանի անկախությունը բարձրագույն արժեք են՝ համախմբվեն, մի կողմ դնեն իրենց ներթիմային, ներքաղաքական, ներկուսակցական ու միջկուսակցական տարաձայնությունները՝ հանուն վեհ գաղափարի, հանուն 1988 թվականի շարժման իդեալների իրականացման»,- ասաց նա։
Շարմազանովը նկատում է՝ ճառեր ասելու ժամանակն արդեն վաղուց անցել է, ու եկել է զանգ կախելու ժամանակը։ Հայերի համախմբման ու Երևանի փողոցներում 100.000 մարդ հավաքվելու դեպքում հնարավոր կլինի ազատվել երկիրն օրհասական վիճակի հասցրած իշխանություններից։
«Այդ դեպքում նա ստիպված կլինի գնալ ու ստորագրել իր հրաժարականը։ Սա կուսակցական ու քաղաքական հարց չէ։ Սա ազգի ու պետության լինելիության հարց է։ Այս համախմբման անունն է հայրենիք, Արցախ ու Հայաստանի Հանրապետություն։ Իսկ սպառնալիքը պանթուրքիստական սպառնալիքն է ու «տրոյական ձի» Նիկոլ Փաշինյանը։ Մենք պետք է որոշենք, ընտրում ենք 1988-ի Արցախի շարժման իդեալնե՞րը, թե՞ ասֆալտն ու Հայաստանի թրքացումը։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մեզ ավելի է մոտեցնում նոր էսկալացիայի՝ փչացնելով մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի նոր պարտություն, դեպի նոր կապիտուլյացիա ու նոր մարտահրավերներ»,- ասաց նա։
ՀՀԿ ներկայացուցչի խոսքով, համախմբումը պետք է լինի ոչ թե քաղաքական ուժերի, այլ հայրենիքի փրկության միասնական գաղափարի շուրջ։ Նա համոզմունք հայտնեց, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի և «ՔՊ»-ի՝ որպես քաղաքական իշխանություն մնալը Հայաստանի սուբյեկտայնության, անկախության ու Արցախի կորուստ է նշանակում։
«Դու ունես ռազմավարական դաշնակից։ Այդ դաշնակցի հետ դնում ես ու արդեն հրապարակային թշնամական հարաբերություննե՞ր ես ստեղծում։ Էլ չեմ ասում այն, որ Ուկրաինային օգնությո՞ւն ես ուղարկում։ Այն Ուկրաինային, որի ֆոսֆորային զենքերը հարվածում էին մեր ժողովրդին ու մեր զինվորների՞ն։ Այն Ուկրաինային, որի ղեկավար Զելենսկին Ալիևին անվանում է «Мой лучший друг Ильхам Гейдарожич Алиев»: Այն Ուկրաինային, որի մայրաքաղաք Կիևում գովազդային ամբողջ վահանակները շնորհավորում էին Ադրբեջանին՝ Շուշին գրավելուց հետո՞։ Այն Ուկրաինային, որի նախագահը շնորհավորում էր Իլհամ Ալիևին՝ Արցախը նվաճելու համա՞ր։ Ի՞նչ ասեմ ես սրանց։ Ռուսից հեռանում է, գնում է թուրքի մոտ։ Այս մարդը բառացիորեն Հայաստանը տանում է թուրքական աշխարհի մաս սարքելու ճանապարհով։ Ասում է Արցախից, Ցեղասպանությունից ու պետությունից հրաժարվեք, մտեք թուրքի լծի տակ»,- ասաց նա։
Այս համատեքստում, «Փաստինֆո»-ի զրուցակիցն անդրադարձավ վերջին շրջանում թշնամական կողմի կուտակումների մասին տեղեկությանը։
«Աստված չանի, պատերազմ սկսվի, ո՞վ է օգնելու, ԵՄ դիտորդնե՞րը։ Դե որ ԵՄ դիտորդներին բերել- տնկել ես, թող ԵՄ դիտորդները Ադրբեջանին թույլ չտային Սոթքի դեպքերը նախաձեռնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այն ընթացքում, երբ ադրբեջանական կողմն անդադար սպառնալիքներ է հնչեցնում, ներկա իշխանություններն զբաղված են մայրաքաղաքային ընտրություններով ու ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով` նրանց ձայնը խլացնելու համար։