Լուրեր

Ակնհայտ է դառնում, որ հասարակական ներքին լարվածությունն ու անհանդուրժողականությունը հասնում է պիկին․ Արտակ Զաքարյան

06.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Պատրանքներին չեմ հավատում, բայց Նիկոլի ինքնակամ, քաղաքակիրթ հրաժարականը և բոլոր մեծ ու փոքր ուժերի համախմբումը` տվյալ իրավիճակի լավագույն լուծումը կարող է լինել: Իրավիճակն է այդպես թելադրում: Դա լավագույն լուծումն է նաև ՔՊ-ի համար: Նրանցից շատերը, կարծում եմ բավարար չափով հասկանում են իրավիճակի լրջությունը և կարող են արդարացի, հիմնավորված բացատրություններ տալ ու համոզել Նիկոլին, որ այլևս ամեն գնով իշխանությունը պահելը և Հայաստանը մինչև վերջ մատաղ անելը` դառնում են ծայրահեղ վտանգավոր ու անկանխատեսելի:
 
ՀՀ կառավարիչների քաղաքական տգիտությունից, դավադիր կեցվածքից  և պառակտիչ գործողություններից օգտվող նենգ թշնամու հերթական ռազմական ագրեսիան կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, եթե առավելագույնս կազմակերպված, համախմբված և ճշգրիտ ռազմա-քաղաքական հրատապ քայլեր չարվեն: Իսկ դա հնարավոր է:
 
Հետևելով ներքաղաքական զարգացումներին, ակնհայտ է դառնում, որ հասարակական ներքին լարվածությունն ու անհանդուրժողականությունը հասնում է պիկին: Տարբեր դիրքորոշում ունեցող մարդկանց նյարդերն աստիճանաբար տեղիք են տալիս, ինչն էլ ավելի կխորացնի կառավարման ճգնաժամն ու հանրային համակեցությունը: 
 
Հերթական ռազմական սպառնալիքին պատշաճ դիմագրավելու համար օդ ու ջրի նման անհրաժեշտ  է, որպեսզի հանրության ճնշող մեծամասնությունը հավատա և վստահի իշխանություններին: Մեզ մոտ, ցավոք լրիվ հակառակ պատկերն է: 
Խաղաղությունն ինչ-որ տեղ դրած չէ, որ Նիկոլը գնա գտնի և բերի տա ժողովրդին: Խաղաղությունը պետք է նվաճել ուժով, խելքով, անկոտրուն քաղաքական կամքով, աննահանջ պայքարով ու միասնականությամբ:
Իսկ ի՞նչ է առ այսօր նվաճել Նիկոլը, բացի պարտությունից, անդառնալի կորուստներից, անորոշությունից ու խայտառակությունից...
Ցավոք` ոչի´նչ» :

← Վերադառնալ ցուցակին