Լուրեր

Թե՛ Բորելը, թե՛ Զախարովան մեր աչքն են կոխում այդ փաստը

05.09.2023

 Օրերս Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica պարբերականին։ Լրագրողի հարցերը բավականին սուր էին եւ առնչվում էին Արցախի ու Հայաստանի ճակատագրին, սակայն Փաշինյանը տեղ-տեղ իտալացի լրագրողի հարցերից փորձում էր խուսանավել, պատասխաններն էլ երբեմն մանիպուլյատիվ էին եւ ոչ ըստ էության։ Այնուամենայնիվ, որո՞նք էին այդ հարցազրույցի հիմնական ուղերձները, որոնք Փաշինյանը փոխանցեց արտաքին աշխարհին՝ հարցրինք հանրապետական Էդուարդ Շարմազանովին։

 
«Մի քանի մեսիջ կար․ այն, ինչն ինքն անում է, հրաժարումն է Արցախից, որն այս անգամ նա փորձեց գցել Տեր-Պետրոսյանի գրպանը՝ ասելով, որ դեռեւս Ալմա-Աթայի հռչակագրով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, ինչը բացահայտ սուտ է, որն արձանագրել է նաեւ Եվրամիության ներկայացուցիչը՝ պարոն Բորելը: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։ Նույն այդ փաստը վերջերս արձանագրել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ե՛վ Բորելը, եւ՛ Զախարովան մեր աչքն են կոխում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը, իսկ եթե ՀՀ որեւէ ղեկավար նման բան արել է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ապա ինչո՞ւ որեւէ մեկը Հայաստանից դուրս, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր խունտայից, այդ թվում՝ նաեւ Իլհամ Ալիեւը, չի ասում, որ որեւէ ղեկավար ճանաչել է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է եւս մեկ անգամ այդ ազգակործան եւ դավաճանական քայլը «գցել» արդեն 1991 թվականի իշխանության գրպանը, ինչն ակնհայտ սուտ է եւ չաշխատող թեզ է»,- ասաց Շարմազանովը։
 
Ըստ նրա՝ Փաշինյանի երկրորդ թեզը, որ նկատելի է ողջ հարցազրույցի ժամանակ, հակառուսականությունն է։ «Ակնհայտ է, որ ինքը դեմ է հայ-ռուսական դաշինքին եւ իր պարտավորությունները չկատարելու բեռը դնում է ռուս խաղաղապահների վրա։ Երբ ինքը խոսում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ռուս խաղաղապահների կողմից չկատարման մասին, իսկ ինքը նոյեմբերի 9-ի հայտարարության կետե՞րն է կատարել... Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա՞ր նման կետ, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ն պետք է տրվի Ադրբեջանին։ Չկար։ Այդ փաստաթղթում կա՞ր այնպիսի կետ, ըստ որի՝ Գորիս-Կապան ճանապարհին պետք է մաքսակետ դրվեր։ Չկար։ Ի վերջո, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա՞ր այնպիսի կետ, ըստ որի՝ հայերը պետք է դուրս գային Լաչինից, Աղավնոյից ու Սուսից։ Չկար։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա՞ր կետ, որ Փաշինյանը պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում` ոչ, չկար»,- պատասխանեց Շարմազանովը։
 
Ըստ ՀՀԿ-ականի՝ Փաշինյանի հարցազրույցի երրորդ ուղերձը վերաբերում էր Թուրքիային. «Որեւէ խոսք չկար այն մասին, որ Թուրքիան սպառնալիք է։ Նույն Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմի օրերին Թուրքիան համարում էր սպառնալիք եւ համարում էր, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, այսօր փորձում է սիրաշահել Թուրքիային եւ Թուրքիայի ղեկավարությանը։ Այսինքն՝ այս 3 մեսիջներն են՝ «Ես ի՞նչ անեմ` Արցախն Ադրբեջան է, նախկիններն են ճանաչել»…, մի խոսքով՝ ինքը գլորում է Տեր-Պետրոսյանի ու նախկինների վրա, բայց մեկը չկա՝ հարցնի՝ եթե նախկինները ճանաչել էին, դու ինչպե՞ս էիր ասում՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ինչպե՞ս էիր Շուշիում երդմնակալությանը մասնակցում եւ այլն։ Երկրորդը՝ մեղադրում է այս իրավիճակի համար ռուսներին եւ բացահայտ հակառուսականություն է քարոզում, ինչը դատապարտելի է ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի շահերի տեսանկյունից, եւ երրորդը՝ սիրաշահում է Թուրքիային։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցանկանում է Հայաստանը դնել թուրքական ազդեցության տակ, թուրքական գերիշխանության տակ։ Վերջ»։
 
La Repubblica-ի լրագրողը Փաշինյանին մի քանի անգամ հարց է տալիս, թե ինչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը կհարգի հնարավոր խաղաղության պայմանագիրը, եւ ինչպիսի երաշխիքներ է պատկերացնում Փաշինյանը՝ մանավանդ ելնելով նրանից, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները չի կատարում, սակայն կոնկրետ պատասխան օտարերկրացի լրագրողն այդպես էլ չստացավ։ Արձագանքելով այս դրվագին՝ Շարմազանովն ասաց․ «Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարող է պատասխան տալ, այն էլ՝ երաշխիք։ Փաշինյանն ասել է՝ «հպարտ քաղաքացի», բայց բերել է հայրենազուրկ քաղաքացի, ասել է՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», հիմա «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ», ասել է՝ ինքնիշխանություն, բայց Հայաստանը մատաղ է արել Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքերի տակ, ասել է` խաղաղություն, բերել է պատերազմ, ի՞նչ եք ուզում։ Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար չի կարող երաշխիք տալ, Արցախի ու Հայաստանի համար ինչպե՞ս կարող է երաշխիք տալ»։

Կորյուն Սիմոնյան
hraparak.am
 
 

← Վերադառնալ ցուցակին