Լուրեր

ՄԱԿ-ի ԱԽ նիստի հիմնական անպտուղ քննարկումները ծավալվեցին Արցախի հումանիտար վիճակի ու կոմունիկացիաների շուրջ․ Տիգրան Աբրահամյան

20.08.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՄԱԿ-ի ԱԽ նիստի հիմնական անպտուղ քննարկումները ծավալվեցին Արցախի հումանիտար վիճակի ու կոմունիկացիաների շուրջ, սակայն միջազգային հիմնական դերակատարների առաջին խնդիրը պետք է դառնար կոշտ ամրագրումը, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:
 
Ադրբեջանը չի թաքցնում, որ Հայաստանի ու Արցախի հետ ունեցած խնդիրներում առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ միջազգային տեսանկյունից գերիշխող է ուժի դերը և սրանով իրեն իրավունք է վերապահում, ըստ անհրաժեշտության, ռազմական գործողություններ ծավալել:
 
Ադրբեջանական հնարավոր ագրեսիան, որը կարող է դրսևորվել մարտական գործողությունների տեսքով, միջազգային որևէ դերակատարի կողմից չի կանխվում:
Այս պահին ոչ միայն լռություն է Արցախի դեմ իրականացվող տոտալ շրջափակման առումով, այլ նրանով, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով սպառնում է ուժ կիրառել, սակայն մեր տարածաշրջանում ներկայացված որևէ դերակատարի կողմից լուրջ հակազդեցություն չկա:
 
Այս համատեքստում ՀՀ իշխանության հնարավոր արձագանքին չեմ անդրադառնում, որովհետև Արցախի հարցը սրանց վաղուց չի հետաքրքրում, իսկ ՀՀ-ի մասով, երբ ամեն անգամ իշխանությունը խոսում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին, որպես կանոն, դրանից հետո Հայաստանի և´ տարածքային ամբողջականությունն է խախտվում, և´ ինքնիշխանությունը»:

← Վերադառնալ ցուցակին