Լուրեր
Ես կերազեի ներկա լինել, բայց այս իրավիճակում աբսուրդ է Սնուփ Դոգի համերգի կազմակերպումը․ Շուշան Պետրոսյան
18.08.2023
Իշխանություններն որևէ զիջումներ անելուց հետո, տարածքներ հանձնելուց հետո, կամ էլ մարտական գործողություններից հետո, որտեղ մենք զոհեր ենք ունենում, տեխնոլոգիաներ են կիրառում, և Սնուփ Դոգի համերգն էլ Հայաստանում այդ մեթոդներից մեկն է։
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Երգչուհին անկեղծանում է՝ համաշխարհային հիփ-հոփ աստղ Սնուփ Դոգն իր սիրած երաժիշտներից մեկն է, որի համերգին կերազեր ներկա գտնվել։ Շուշան Պետրոսյանն ասաց, որ Սնուփ Դոգի համերգն էլ Երևանում հենց իր ծննդյան օրն է տեղի ունենալու, սեպտեմբերի 23-ին։
«Ինքը բացառիկ ռեփերներից է, որը ռեփերների աշխարհում ամենաբարձր IQ-ն ունի, այսինքն՝ ինքը ոչ միայն հարուստ երաժշտություն ունի, այլ բավականին ինտելեկտուալ մարդ է, ես հետևում եմ նրա արվեստին։ Ցավում եմ, որ մեր երկրի օրհասական իրավիճակում, նրանք (նկատի ունի իշխանություններին- խմբ) այս քայլերին են դիմում, դա հատուկ է արվում։ Դա էլ է հատուկ տեխնոլոգիաների շարունակությունը, ծանր պահերին, հիմա, երբ Արցախը շրջափակման մեջ է, մարդիկ սովամահության են մատնված, և իրենք այս քայլին են, գնում, չգիտեմ՝ ինչ գնահատական տամ»,- նկատեց արվեստագետը։
Շուշան Պետրոսյան հիմա իր՝ Սնուփ Դոգի համերգին մասնակցելն աբսուրդ է համարում։
«Անընդունելի է հիմա Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կազմակերպելը։ Այնպես չէ, որ առաջին անգամն է, որ նման իրավիճակներում իշխանությունները նմանատիպ քայլեր են ձեռնարկում։ Երկրի համար օրհասական վիճակում ինչ- որ քաղաքական գործչի են բռնում՝ առանց որևէ կոնկերտ մեղադրաքի կամ հոդվածի։ Անընդհանտ նման բաներով իրենք (նկատի ունի իշխանություններին- խմբ) իրենց ողորմելի գոյությունն են պահում»,- նշեց վաստակավոր արտիստը։
Արցախյան 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցին ընդառաջ Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար պետական բյուջեից 2,3 մլրդ դրամ ՝ շուրջ 6 մլն դոլար է հատկացվում։
Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ համերգին հատկացվող գումարն ավելի ճիշտ կլիներ Արցախին ուղարկել։
«Թող իշխանությունները բոլոր լծակներն օգտագործենև Արցախին հումանիտար օգնություն հասցնելու համար։ Ինձ, բայց այս իրավիճակում հանրությունն է մտահոգում, նրանց վերաբերմունքն Արցախին, որովհետև սրիկան միշտ այդպիսինն էլ մնում է»,- եզրափակեց երգչուհին։
Նշենք, որ հանրությունը միանշանակն չի ընդունում պատերազմի տարելիցից չորս օր առաջ նման համերգի կազմակերպումը։ Հանրության տարբեր շրջանակների կողմից կառավարության այս որոշումը քննադատությունների առիթ է դարձել, շատերը պահանջում են չեղարկել համաշխարհային աստղի համերգը։
tert.am