Լուրեր
Ձեր էժանագին մանիպուլյացիաները ամբողջությամբ մերկացված և բացահայտված են. Հենրիխ Դանիելյան
11.08.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի ծառա հանդիսացող լրատվամիջոցներից մեկի ապատեղեկատվությանը և իշխանության կողմից կազմակերպած կրկեսին, որն իբրև թե կրում էր Արցախին աջակցելու բնույթ, պետք է արձանագրել, որ անհարկի հոլովվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անունը` հանրության ուշադրությունը շեղելու համար` պնդելով, որ այդ ակցիաները որևէ կերպ կապ ունեն հանրապետականի հետ:
Ուզում եմ հստակ նշել, որ իշխանության սպասավոր լրատվականներին չի հաջողվի իրենց տերերի կողմից կազմակերպած անհաջող և կասկածելի բնույթի որևէ միջոցառում` կլինի դա ակցիա, պիկետ, թե այլ տեսակի հավաք կապել մեզ հետ: Այդ մարդիկ որևէ աղերս անգամ չունեն մեր կուսակցականների կամ կուսակցության հետ: Ձեր էժանագին մանիպուլյացիաները ամբողջությամբ մերկացված և բացահայտված են հասարակության կողմից և ձեզ այլևս չի հաջողվելու ձեր տկարությունները կամ դավադիր ծրագրերը վերագրել այլ կենտրոնների:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կանգնած է Հայաստանի անկախության վերականգնման ակունքներում, մեծ դեր է ունեցել Արցախի ազատագրման հարցում, մեծ դեր է ունենալու նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում»: