Լուրեր
Ես չեմ պատրաստվում որեւէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին. Արմեն Աշոտյան
07.08.2023
Ես չեմ պատրաստվում որեւէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաեւ իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի եւ Արցախի առաջնահերթ խնդիրները որեւէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստացնելու խոնավ երազաների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Տեղեկացա, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվեց իմ անունը որպես Երեւանի գալիք ընտրություններին քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի:
Բանտախցում չունեի հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբանղբյուրը, սակայն տեսնելով իշխանական մամուլի ոգեւորությունն այս կապակցությամբ, ուզում եմ արձագանքել, լրացնելով կուսակիցներիս կարծիքները:
Ես չեմ պատրաստվում որեւէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաեւ իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի եւ Արցախի առաջնահերթ խնդիրները որեւէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստացնելու խոնավ երազաների հետ:
Շնորհակալ լինելով բոլոր հնարավոր աջակիցներին եւ անկեղծորեն ինձ այդ գործում պատկերացնողներին` ասեմ նաեւ, որ իմ հիպոթետիկ առաջադրման հարցում իշխանական շահագրգռվածության 3 պատճառ եմ տեսնում:
Քաղաքական լրջություն հաղորդել «Ոսկե աշուն» փառատոնի մակարդակից էլ ցածր իջնող, մայրաքաղաքին վերաբերող, բայց գավառական դարձող այդ «իվենթին»:
Երեւանի ընտրություններով զբաղեցնել հասարակությանը` Հայաստանի եւ Արցախի շուրջ սեղմվող կախաղանին զուգահեռ:
Չեմ բացառում, որ Ավինյանի չսիրող որոշ «բարձրաստիճան ՔՊ-ականներ կուզեին, որ ես «հարամ անեմ» նրա ֆանտազիաները:
Հ.Գ. Իմ հնարավոր առաջադրման հորինված թեման այնքան է ոգեշնչել լրագրողներից մեկին, որ նա հիմնավորել է դրա նպատակահարմարությունը, թեպետ, իր իսկ խոստովանությամբ, 2009-ին իմ նշանակումը որպես ԿԳ նախարար նախագահ Սարգսյանի կողմից դիտել է որպես «Կալիգուլայի ձիու սենատի անդամի նշանակում»։ Օգտվելով այս զուգահեռից եւ հիմնավորելու համար կալիգուլայից հետո «ձիերի» ապրած հավաքական էվոլյուցիան, անհամեստաբար պիտի նշեմ, որ «Սերժի ձին», անշուշտ, կրթության ոլորտի լավագույն մասնագետը չէր, բայց ծալած ուներ «Կալիգուլայի ձիուն» իր երեք օտար լեզուների իմացությամբ, հանրակրթական ոսկե մեդալով, բժշկական համալսարանի անվանական կրթաթոշակով, երկու առաջատար միջազգային բուհերում վերապատրաստումներով: Ուստի տվյալ համեմատությունն համոզիչ չէր: Սակայն եթե սկզբունքային է ինձ հենց ձիերի հետ համեմատելը, կարող եմ հուշել պատմական միֆերով հայտնի երկու ձի` Մակեդոնացու Բուցեֆալին եւ Եկատերինայի մտերիմին:
168.am