Լուրեր

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա կեղծ լուր է՝ նիկոլական սուտ». Էդուարդ Շարմազանով

04.08.2023

 «Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա կեղծ լուր է՝ նիկոլական սուտ, կեղծ պրոպագանդա: Նման բան չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  իշխանամերձ Araratnews.am կայքի հրապարակմանը, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Իշխանամերձ լրատվամիջոցը գրել էր, թե իբր Սերժ Սարգսյանին հաջողվել է նեյտրալիզացնել ընդդիմադիր բոլոր այն գործիչներին, որոնք հավակնություններ ունեին առաջադրվելու, և այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանին, որի հետ արդեն պայմանավորվածություն է եղել, որ չի առաջադրվելու: «ՀՀԿ-ում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իրենց միասնական թեկնածուն կլինի Արմեն Աշոտյանը, քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է Աշոտյանից քաղաքական կերպար ստանալ և այդ կերպ խաղի մեջ մնալ»,- գրել էր Araratnews.am-ը:

 

Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նկատեց՝ ՀՀԿ-ն մինչև այս պահը չի քննարկել Երևանի ավագանու ընտրությունների հարց.

«Առավել ևս՝ որևէ մեկի հետ չենք քննարկել, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանի: Ո՛չ քննարկել ենք, ո՛չ համոզել ենք, ո՛չ առաջարկել ենք Արմեն Աշոտյանին՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելու հարցը՝ Երևանի ավագանու ընտրություններում: ՀՀԿ-ն որ թեկնածու առաջադրի՝ Araratnews-ից չեք իմանա, կիմանաք ինձնից, մյուս հանրապետականներից: ՀՀԿ քաղաքական օրակարգն անշեղ է, այդ օրակարգը հետևյալն է՝ կապիտուլյանտի հեռացում, Արցախի խնդրի հայանպաստ լուծում, որի համաձայն՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, և երրորդ՝ Հայաստանի ազգային պետականության պահպանում և կապիտուլյացիոն ռեժիմի և ապազգային ուժերի իշխանությունից հեռացում»:

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին