Լուրեր
Դավիթ Տոնոյանը բարոյական իրավունք չունի ընդդիմությանը որևէ հորդոր հղելու. Տիգրան Աբրահամյան
03.08.2023
Դավիթ Տոնոյանը, կարծես թե, գերագնահատում է իր դերը և հեղինակությունը։ Չեմ կարծում, թե նա այն անձն է, որը կարող է որևէ հորդոր հղել, առավել ևս դրան պատասխան ստանալ։ Նա ներկա քաղաքական թիմի առանցքային դեմքերից է եղել և չունի բարոյական որևէ իրավունք՝ ընդդիմությանն այս պայմաններում որևէ հորդոր հղելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար, կալանավորված մեղադրյալ Դավիթ Տոնոյանը ներկայացվել էր 44 -օրյա պատերպազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ կոչ անելով խորհրդարանական ընդդիմությանը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։ Մինչդեռ, նկատենք, ընդդիմությունը բոյկոտում է այդ հանձնաժողովի աշխատանքները, հետեւապես նրա մասնակցությամբ նիստին եւս չեն մասնակցեն։ Այսօր կայացած փակ նիստի մեկնարկին արդեն, ՀՀ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը հայտարարել էր, որ ընդդիմության չներկայանալու պայմաններում իր հասցեին հնչով ցանկացած շահարկում անընդունելի է, իսկ պահը կորսված է։
«Նա չի գիտակցում, որ բոլոր այն անձինք, որոնք այս քաղաքական իշխանության մաս են կազմել, թիմակից են եղել, և հատկապես այն մարդիկ, որոնք մինչև այս պահը ներողություն չեն խնդրել ու գնահատական չեն տվել այս իշխանության գործողություններին՝ քաղաքական առումով որևէ արժեք չեն ներկայացնում։ Անկախ նրանից, թե ինչ քրեական գործերով են նրանք անցնում, նրանք դեռ պետք է պատասխանատվություն կրեն մեր ժողովրդի հետ այս տարիների ընթացքում տեղի ունեցածի համար։ Այն ընդդիմությունը, որոնց նա ինչ-որ բան է հորդորում, լավ թե վատ, գոնե այն մարդիկ են, որոնք պայքարել ու պայքարում են այս իշխանության հեռացման, հայ ժողովրդի զարգացման և ֆիզիկական գոյությունը պահելու հնարավորությունների պահպանման համար»,- ասաց նա։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների և դրա իրական մեղավորների հետ կապված բացահայտումներ հնարավոր կլինի անել, երբ երկրում տեղի ունենա քաղաքական փոփոխություն, և դատաիրավական համակարգն, իր խոսքով, չի գտնվի «ներկա իշխանությունների տոտալ վերահսկողության ներքո»։ Նա հավելեց, որ «քննիչ հանձնաժողով գնացող և այնտեղ հայտարարություն անող տարբեր՝ նախկին կամ գործող պաշտոնատար անձանց հետ կապված, առանձնապես մեկնաբանություններ չունի, քանի որ, իր խոսքով, թե՛ իրենց խմբակցությունը, և թե՛ խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս հայտարարել ու վերահաստատել են իրենց գնահատականը՝ կապված քննիչ հանձնաժողովի հետ։
«Ներկա պայմաններում, թեման քննարկվում է ոչ թե ըստ պատասխանատվության, այլ քաղաքական իշխանության պատասխանատվության մասը քողարկելու և մյուսների մասով ըստ հայացողության և քաղաքական նպատակահարմարության, մեղսակցություն նկարելու մասով»,- ասաց նա։
Աբրահամյանը նկատեց, որ իշխանությունը քննիչ հանձնաժողովում առաջնորդվում է ըստ իր քաղաքական առաջնահերթությունների։ Նրա խոսքով՝ հանձնաժողով չեն հրավիրվում այն անձինք, որոնք իշխանության անդամների համար ձեռնտու չեն։
«Իշխանության խնդիրը ոչ թե կարևոր հանգամանքների ի հայտ գալն է, այլ իր համար կարևորագույն ինֆորմացիա կորզելն է, դրան անհրաժեշտ փաթեթավորում տալն ու քաղաքական քարոզչություն իրականացնելը»,- եզրափակեց նա։