Լուրեր
Սերժ Սարգսյանի կառավարման տարիների արտաքին ոլորտներում ունեցած ձեռքբերումների մասին. Արմեն Հովասափյան
15.07.2023
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շարունակելով 2008-2018 թվականների Սերժ Սարգսյանի կառավարման տարիների արտաքին ոլորտներում ունեցած ձեռքբերումների թեման մի քանի դիտարկում ներկայացնեմ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։ Հատկանշական է, որ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հայտարարեց, որ նախընտրում է «և՛…և՛»-ի քաղաքականությունը: Կարելի է ասել՝ Հայաստանն այս կերպ ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից չի հրաժարվում ԵՄ-ի հետ մերձենալու քաղաքականությունից և փաստացի հերքել, թե այս որոշումը կայացվել է ՌԴ-ի ճնշման ներքո։ Այս մասին գրում է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը։
Ըստ էության՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում գործող գործակալական ցանցի ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 2-ից հետո, իրենց հիմնական թիրախներից մեկը դարձրեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ այն համարելով վերջնականպես տապալված։ Սա փայլուն առիթ էր Հայաստանում հակառուսականության հերթական ալիքի բարձրացման համար, որի գործուն մասնակիցները այսօրվա ՀՀ իշխանությունը բռնազավթած ռեժիմի անդամներն էին (Արայիկ Հարությունյան, Հակոբ Արշակյան, Արմեն Գրիգորյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Դանիել Իոաննիսյան, Արարատ Միրզոյան և այլք)։ Ավելին, իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր հարթակներով ու քվազիլրատվականներով, նրանք տարբեր տիպի անբովանդակ ու ակնհայտ ուղղորդված քարոզ սկսեցին՝ քարկոծելով ԵՄ հետ ասոցացման պայմանգրի չկնքման փաստը, սակայն այդ պրիմիտիվ վակխանալիան շատ կարճ տևեց, ընդամենը մեկ տարի անց ակնհայտ դարձավ, որ Հայաստանը չի պատրաստվում Եվրոպական ընտանիքի հետ համագործակցության գործընթացը կասեցնել և բանակցությունները նոր փուլ ու այլ ձևաչափ ստացան։
Կարևոր է փաստել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները սկիզբ են առել ՀՀ անկախացումից անմիջապես հետո։ 1996թ. ապրիլին ստորագրվեց Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1999թ. հուլիսից։ Այն շրջանակային համաձայնագիր էր, որն ապահովում էր բազմաբնույթ համագործակցության իրավական հիմքը: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար կարևորագույն իրադարձություն էր 2004թ. հունիսից Հայաստանի (Վրաստանի և Ադրբեջանի հետ մեկտեղ) ներգրավումը Եվրոպական հարևանության քաղաքականություն (ԵՀՔ) ծրագրում, իսկ 2009թ.՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ ծրագրում)։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների՝ ԵՀՔ-ի շրջանակներում դրսևորված առաջին քայլերից եղավ երկրի մասին զեկույցի հրապարակումը 2005 թ. մարտին, իսկ 2012թ. դեկտեմբերի 17-ին ԱլԳ շրջանակում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվեցին վիզայի դյուրացման, ապա՝ 2013թ. ապրիլի 19-ին՝ հետընդունման համաձայնագրերը (այս համաձայնագրերն ուժի մեջ մտան 2014թ. հունվարի 1-ից)։
ԵՄ-ՀՀ միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին, երբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ազդարարեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը, այնուհետև՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Համաձայնագիրը այս տարվա ապրիլի 11-ին, և 2018 թվականի հունիսի 1-ից Համաձայնագիրը մտավ պայմանական կիրարկման փուլ»:
Իր այս քայլով նախագահ Սարգսյանը ցույց տվեց, որ ունի կամք և վճռականություն պետականության հետ կապված ցանկացած առանցքային պարագայում և պատրաստ է գնալ կառուցողական քայլերի։ Նա ապացուցեց, որ Հայաստանը վճռական է իր շարունակելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների առանցքը կազմող խորը և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։
Ըստ էության՝ սրանք նյունասներ են, որոնց մասին կարևոր է բարձրաձայնել և հատ-հատ շեշտադրումներով ցույց տալ, թե ինչպես է ժամանակին ՀՀ ղեկավարը կարողացել ճիշտ դասավորվել և հստակ պարտիա խաղարկել աշխարհաքաղաքական լաբիրինթոսում, երբ հատվում և բախվում էին գեոպոլիտիկ բևեռների շահերը։