Լուրեր
Մեր բոլորի աչքի առաջ Հայաստանի «կառավարիչները» կործանում են մեր երկիրը․ Արտակ Զաքարյան
15.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԵՄ նախագահ Շառլ Միշելի մամուլի ասուլիսն այն մասին էր, թե ինչպես է Արևմուտքը կրկին քաջալերել նավթ և գազ վաճառող բռնապետ Ալիևին և նսեմացրել հայրենիք վաճառող կապիտուլյանտ Փաշինյանին:
Ահա այսպես, մեր բոլորի աչքի առաջ Հայաստանի «կառավարիչները» կործանում են մեր երկիրը` առավել մեծացնելով Արցախի քաղաքացիների հայրենազրկման և ցեղասպանական ռիսկերը:
Նույնիսկ Հ1-ն ամոթից չանդրադարձավ Միշելի հայտարարության բոլոր կետերին, այլ լուսաբանեց հիմնականում Լաչինի միջանցքին վերաբերող հատվածը: Ամեն ինչ առավել քան պարզ է:
Այդօր, զուգահեռաբար նաև ՌԴ ԱԳՆ-ն է ի գիտություն աշխարհի հայության հայտարարել, որ ձեր վարչապետի հայրենադավ և ազգակործան մեղքերը Ռուսաստանի վրա մի գցեք:
Ստորև ծանոթացեք Շառլ Միշելի` մամուլի ասուլիսում արված հայտարարության ամբողջական տեքստին:
«...Քիչ առաջ ավարտեցինք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ վեցերորդ հանդիպումը։
Մեր մտքերի փոխանակումները կրկին եղել են անկեղծ, ազնիվ և առարկայական:
Մեր հանդիպումը վերջինն էր Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկկողմ` սահմանին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, փոխվարչապետների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ինտենսիվ և արդյունավետ բարձր մակարդակի հանդիպումների շարքից:
Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը։ Ես քաջալերեցի առաջնորդներին` խաղաղ գործընթացին իրենց ամուր նվիրվածության համար և խրախուսեցի նրանց, հետագա խիզախ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու վճռական և անշրջելի առաջընթաց` կարգավորման ուղու վրա։
Թեև մեր հանդիպումը տեղի ունեցավ տեղերում լարվածության մտահոգիչ աճի համատեքստում, ես կարևոր թափ նկատեցի քաղաքական քննարկումներում և ջանքերում։
Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը։
1. Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքը կազմում է 29800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ2։
2. Սահմանի սահմանազատում
Երկու ղեկավարներն էլ վերահաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ: Ես ողջունեցի հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն առաջ են գնացել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ: Շատ կարևոր է, որ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։
3. Հաղորդակցություն
Կապի և հաղորդակցության հետ կապված՝ կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները: Պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել. Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են:
4. Մարդասիրական հարցեր
Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գործերի ներկա վիճակը ակնհայտորեն կայուն չէ և չի բխում ոչ մեկի շահերից: Քննարկեցինք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն վերականգնել իրավիճակը: Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումները երկու կողմերից՝ ապահովելու բնակչության կարիքների բավարարումը: Ես ողջունեցի նաև ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը:
5. Անվտանգություն և իրավունքներ
Տեղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության հետ կապված:
Այս համատեքստում ես արտահայտեցի ԵՄ-ի քաջալերանքը՝ ուղիղ երկխոսության համար Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։ Այս երկխոսությունը պետք է ապահովի այնքան անհրաժեշտ վստահությունը բոլոր ներգրավվածների համար:
6. Ձերբակալվածներ
Մենք հավասարապես քննարկել ենք կալանավորված անձանց հարցերը։ Ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունն առ այն, որ զինվորների ազատ արձակումը, ովքեր անզգուշորեն անցնում են մյուս կողմը, կհեշտացվի: Ես կողմնակից էի, որ երկու կողմից էլ ազատ արձակվեն կալանավորները։ Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել։
7. Հետագա քայլեր
Մենք պայմանավորվեցինք, որ մեր թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն այսօրվա քննարկվածի վերաբերյալ:
Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու համար։ Ես նաև վերահաստատեցի իմ մտադրությունը հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև հերթական հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Գրանադայում՝ Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովում » »: