Լուրեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցը կրկին անհանգստություն է սերմանել․ Արտակ Զաքարյան

10.07.2023

ՀՀ ԳՄ անդամ Ատակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցը կրկին անհանգստություն է սերմանել իշխանական ու ոչ իշխանական որոշ շրջանակներում: Իշխանականները խիստ մտահոգվել են այն հանգամանքով, որ նախագահ Սարգսյանը տրամաբանական և իրացնելի է գնահատել նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի առաջարկը: 

 
Այդ առթիվ` իր նվնվոցն ու խղճահարություն առաջացնող «մեկնաբանություններն» է հրապարակել կապիտուլյացիոն ռեժիմի ազգակործան քաղաքականության մունետիկ ու փարոս «Հայկական ժամանակ»-ը: Չէի անդրադառնա այս հանգամանքին, ինչպես չեմ անդրադառնում այլ կայքերի օդատիեզերական մակարդակի «վերլուծություններին», եթե ՀԺ-ի ծլվլոցների հետևում թաքնված չլիներ ապազգային դավադրությունների իշխանական «միտքը»:
Ինչպես միշտ, փաստերի և մեկնաբանությունների աղավաղման անկրկնելի վարպետները, գնացել մտել էին իրենց սիրած նախկինների համապատասխան տեղերը և մանիպուլացնում էին ինչ հնարավոր է: Այնինչ սրանց վախերը այլ տեղում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Օսկանյանի առաջարկությունն իրականում տրամաբաբական է և հնարավոր կլինի պայմաններ ստեղծել անհամեմատ ավելի նպաստավոր դիրքերից բանակցային գործընթաց մեկնարկելու համար: Բայց քանի որ դավաճանների ցանկությունը ոչ թե Հայաստանի և Արցախի ճակատագրի հարցում նպաստավոր դիրքն է, այլ սեփական թուլամորթ կաշին փրկելը` հետևաբար  նման ցինիկ հոդվածներն են լինելու  ընդդիմության առաջարկների նրանց պատասխանը:
 
Մտածեք ինքներդ. ազգ-պետություն կործանողը, հասարակության որոշ խմբի անգրագիտության վրա հույսները դրած իշխանությունը ինչու՞ պետք է համաձայնվի իրավիճակից ելքեր ենթադրող գաղափարներ քննարկել` երբ իրենց նպատակը վերջնական կործանելն է:
 
Այո´, իրավացի է 3-րդ նախագահը, բանակցողի փոխվելով իրավիճակը փոխվելու է և առաջին անգամ չէ, որ նա խոսում է այդ մասին: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որովհետև իր սեփական կետից ու զրոյից «բանակցողը»` այսօր զրոյից ցածր հնարավորություններ ունի իր իսկ բերած սպառնալիքներին դիմագրավելու համար: Որովհետև եթե մեկը հասցրել է այն վիճակի, որում քաղաքական բոսյակները` որբի դեմքով ասում են «մի´ խոսեք, մի´ մտածեք, մի´ ստորագրեք` որպեսզի պատերազմ չլինի», ի՞նչ է այլևս հնարավոր ակնկալել դրանցից: 
 
Վարդան Օսկայանի առաջարկի տրամաբանությունն էլ հենց դա է. եթե ոստիկանների շալակին թառած կառչել ես իշխանությանը,  և քո վնասակար գոյությամբ կործանում ես երկրի ապագան, ապա գոնե հնարավորություն տուր փրկել իրավիճակը: Դրա համար պահանջվում է ընդամենը ծպտուն չհանել: Պատկերացնու՞մ եք աբսուրդի աստիճանը. ծպտուն չհանել, որ ավելի վատ չլինի և հնարավոր լինի դուրս գալ վիճակից:
Այնպես, որ «Հայկական ժամանակ» կայքին պետք է խնդրել, ի շահ և ի նպաստ հայ ժողովրդի` դուք էլ ծպտուն մի հանեք, որովհետև հայրենիքը կապիտուլյանտից կարևոր է:
 
Հ.Գ.
ՀԺ-ի խմբագրակազմին և ոչ միայն նրանց անկեղծորեն խղճում եմ: Նրանք էլ մեր ժողովրդի պես խորտակվող նավի  անհույս ուղևորներ են, բայց երբեմն «ստիպված են» լինում թիավարել խորտակումը կանխելուն հակառակ...»։
 

← Վերադառնալ ցուցակին