Լուրեր
Շատ լուրջ գործընթացների ենք նախապատրաստվում, որոնց վերջնակետը հակահայկական իշխանության հեռացումն է․ Հայկ Դերզյան
04.07.2023
ՀՀԿ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 4-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով ակցիային, ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը կարծիք հայտնեց, որ, իհարկե, այս իշխանությունները փորձելու են ակցիայի մասնակիցներին լռեցնել՝ հաշվի առնելով նաև իրենց շարժումների ընթացքում իրականացվող պրոցեսները։
«Մենք, իհարկե, գիտենք, որ կարող են և հետապնդումներ իրականացնել, քրեական գործեր հարուցել, բայց դա մեզ որևէ կերպ չի կաշկանդում։ Հանրապետականներս, ովքեր որ պայքարում ենք այս իշխանության դեմ, շատ լավ գիտենք, որ իրենք կարմիր գիծ չունեն, որևէ բարոյական գիծ չունեն և ցանկացած գործողության կարող են գնալ իրենց իշխանությունը պահելու համար»,-ասաց մեր զրուցակիցը և հավելեց․ «Մի իշխանություն, որն Արցախն է հանձնում՝ իր աթոռը պահելու համար, վստահաբար, որևէ մեկի առաջ որևէ կարմիր գիծ չի դնելու»։
Նա ասաց նաեւ, որ իրենց ակցիաների ժամանակ դեպքեր են եղել, երբ անգամ նրանք, ովքեր պատուհանից պարզապես ողջունել են, հատուկ ոստիկանական խմբերի կողմից լուսանկարահանվել են.
«Այս իշխանությունից սպասելիքներ, որպես այդպիսին, չկա, պետական ինստիտուտներն ամբողջովին ծառայում են այս իշխանությանը։ Մենք հստակ իրենց ներկայացնում և ցույց ենք տալիս, որ իրենց ցանկացած անօրինական արարք չի կարող ուղղակի առանց որևէ արձագանքի մնալ և իրենք պետք է հստակ իմանան, որ ցանկացած ապօրինության, ցանկացած քաղբանտարկյալի համար, անկախ նրանից՝ ինչ կուսակցական պատկանելություն ունի, ինչ թիմից է, մենք պայքարելու ենք և իրենք չեն կարող այդ ամենը հանգիստ մարսել»,- ասաց Դերզյանը։
Նրա խոսքով` իրենց գլխավոր օրակարգը մնում է այս իշխանությունների հեռացումը.
«Մոտակա գործընթացների մասին, իհարկե, այս պահին ճիշտ չեմ համարի խոսել, որովհետև հասկանում ենք, որ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի, բայց ես վստահեցնում եմ, որ շատ լուրջ գործընթացների ենք նախապատրաստվում, որոնց վերջնակետը հակահայկական իշխանության հեռացումն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեր հայրենակիցներն իրենց աչքերն ավելի լայն պետք է բացեն և չթողնեն, որպեսզի իրենց խաբեն։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենակիցները պատրաստ լինեն գլխավոր օրվան` իշխանությունների հեռացմանը և հիշեն, որ այս երկրում վաղը բոլորս ենք ապրելու և այն գործընթացները, ինչի հետևանքով պետության անվտանգությունը և պետականությունը խարխլվում է, վաղը ազդելու է բոլորիս ընտանիքների վրա, բոլորիս պարտքն է պայքարել՝ կապ չունի, դա կլինի քաղաքականությամբ հետաքրքրված, թե չհետաքրքրված անձ»,-եզրափակեց նա։
lurer.com