Լուրեր

Զգայուն իրավիճակ. ի՞նչ սպասել Արցախում, երբ ՌԴ-ն իր հիմնական ուշադրությունն ու ջանքերն այլ ուղղությամբ է կենտրոնացրել

24.06.2023

 ՌԴ-ի շուրջ ստեղծված իրադրությունը բնականաբար մտահոգիչ է և չի կարող ազդեցություն չթողնել բոլոր այն տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ՌԴ-ն ունի ներկայացվածություն: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է մեծ վտանգը, որ, հաշվի առնելով ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումները, Ադրբեջանը Արցախում ավարտին կհասցնի իր ծրագիրը:

«Ադրբեջանը ուկրաինական կոնֆլիկտի ողջ ժամանակահտվածում, օգտվել է ՌԴ-ի՝ այլ ճակատում ունեցած ծանրաբեռնվածությունից և դա ընդդեմ Հայաստանի ու Արցախի է աշխատել: Նման դեպքերում Ադրբեջանն իր ձեռքերն ազատ է համարում, խախտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը այսօր էլ հղի է վտանգավոր զարգացումներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ ի՞նչ պետք է անեն ՀՀ և Արցախի իշխանությունները հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հատկապես Արցախում՝ հնարավո՞ր է ակնկալել, որ ռուս խաղաղապահները ներկայումս կարող են արցախցիների անվտանգության երաշխավորը լինել, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունը վաղուց իրադրությանը համահունչ չի գործում և նրանից, բնականաբար, ակնկալիք չկա: 

«Այս պահին չափազանց զգայուն իրավիճակ է, որը ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, իսկ ՌԴ-ն, առավել քան երբևէ, իր հիմնական ուշադրությունն ու ջանքերն այլ ուղղությամբ է կենտրոնացրել»,-հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը քիչ առաջ գրել է, որ այսօր առավոտվանից Ստեփանակերտի երկնքում նկատվում է ուղղաթիռների թռիչքների աննախադեպ ակտիվություն:

mediahub.am

← Վերադառնալ ցուցակին