Լուրեր
Նիկոլը և իր թիմակիցները չեն սահմանափակվում հայրենավաճառությամբ․ Հենրիխ Դանիելյան
13.06.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը և իր թիմակիցները չեն սահմանափակվում հայրենավաճառությամբ, չեն սահմանափակվում հայրենիքը հանձնելով: Փաստորեն նրանց ապագայի տեսլականում կա` Հայաստանն առանց հայերի, քանի որ նրանք ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան ապրել Հայաստանում:
Բացի խայտառակ թանկացումներից, բնամթերքի և ընդհանուր նվազագույն զամբյուղի գների թռիչքաձև աճից, նրանք օր ու արև չեն տալիս միջին և մանր ձեռնարկությունների ներկայացուցիչներին, անընդհատ հարկային «տեռորի» են ենթարկում քաղաքացիներին` թույլ չտալով հանապազօրյա հացի գումար վաստակել հայրենի հողում:
Այսօր հիմնական թիրախում հայտնվել են` գեղեցկության սրահները, սրճարանները, լոգիստիկ ընկերությունները:
Վերոնշյալների նկատմամբ իրականացվում են անհիմն հետապնդումներ ու հարկային «տեռոր», որի արդյունքում քաղաքացիներին տուգանքի առարկա դարձրած նիկոլական ռեժիմը շաբաթը մի քանի անգամ մարդկանց տուգանում է 200-250 հազար դրամի չափով:
Իշխանական շրջանակների ներգրավվածության արդյունքում այսօր փակվել է հնարավորությունը լոգիստիկ գրասենյակների գործունեության, որի միջոցով հայ երիտասարդները կարողանում էին գումար վաստակել: Նիկոլական որոշ օլիգարխների շրջանակներ հասկանալով, որ երիտասարդությունը լոգիստիկ գրասենյակների շնորհիվ գումարներ է կարողանում վաստակել, մուտք գործեցին այդ շուկա և մենաշնորհ սարքելու փորձերի արդյունքում ոչնչացրեցին ընդհանուր շուկան: Այն երիտասարդները, ովքեր լոգիստիկ գործունեությամբ կարողանում էին գումարներ վաստակել ու դա անում էին Հայաստանում` չցանկանալով արտագաղթել, նրանց մոտ այսօր անելանելի վիճակ է. լոգիստիկ գրասենյակները փակվում են, քանի որ կան լուրջ խնդիրներ և այդ խնդիրները իշխանական շրջանակներն են ստեղծել:
Պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը ամեն ինչ անում են ոչ միայն, որ Հայաստանի Հանրապետության սահմանները ավելի սեղմվեն, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ոչնչանա, այլ նաև անում են ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետությունում ապրել չլինի: Այսինքն շարքային քաղաքացու համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում շարքային քաղաքացին պետք է ստիպված լինի լքել Հայաստանը, պետք է ստիպված լինի արտագաղթել, որովհետև երիտասարդության համար Հայաստանը սկսում է այլևս չհամարվել ապագա ունեցող միջավայր` բիզնեսով զբաղվելու և ընդհանրապես աշխատելու համար»: