Լուրեր

Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից․ Արտակ Զաքարյան

07.06.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից
 
Սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին։ Gallup International Association-ի կողմից 2023 թ. հունվարի 17-ից 24-ն անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ 94,0%-ը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում (2022թ. մայիսին նրանց թիվը կազմում էր 83,3%-ը. Հարցվածների միայն 1,0%-ն է կողմ, որ Արցախը միանա Ադրբեջանին)։
Այնուհետ (2023թ. մայիս) ԱՄՆ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI) հրապարակեց Հայաստանում 2023 թ. հունվար-մարտի ամիսների հերթական սոցհարցման արդյունքները: Քանի որ այն հանրությանը հասանելի վերջին հարցումն է, դրա արդյունքները շատ հետաքրքիր են Հայաստանի հանրային գիտակցությունը և դրա վրա որոշիչ ազդեցություն ունեցող գործոնները հասկանալու համար։
 
Ըստ IRI-ի՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում վերջին վեց ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՀՀ քաղաքականությանը» հարցին` հարցվածների 87%-ը հավանություն չի տվել, իսկ 69%-ը` նկատել է հետընթաց։ ՀՀ քաղաքացիները դժգոհ են նաև այն բանից, թե ինչպե՞ս է Նիկոլը կատարում իր նախընտրական «խոստումները»։ 
 
Երկրի ժողովրդավարացման տեմպերից գոհ է հարցվածների միայն 17%-ը, դժգոհ է հարցվածների 42%-ը, իսկ 35%-ն ընդհանրապես ժողովրդավարական փոփոխություններ չի տեսնում։ Հարցվածների 73%-ի համար Հայաստանում կոռուպցիան լուրջ խնդիր է։ Ընդ որում, հարցվածների 39%-ը կարծում է, որ իշխանությունների կոռուպցիայի մակարդակը մնացել է նույնը, իսկ 21%-ը՝ կարծում է, որ կոռուպցիան նույնիսկ աճել է։
Ընդհանուր առմամբ, հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, և միայն 36%-ն է գտնում, որ ճիշտ ուղղության վրա է։ ՀՀ «վարչապետի» գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 13%-ը իսկ 61%-ը գոհ չէ (այդ թվում՝ 22%-ը՝ մասամբ է դժգոհ և 39%-ը՝ ամբողջությամբ):
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր որոշումը կապիտուլյանտ Նիկոլը պատճառաբանում է նրանով, որ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իրեն «խաղաղության» մանդատ է տվել։ Սակայն վերջին երկու տարիների սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ժողովուրդը դժգոհ է հենց այն նախընտրական խոստումների կատարումից, որոնք խաբեությամբ «ապահովել» են Նիկոլի պյուռոսյան «հաղթանակը» 2021թ. ընտրություններում:
 Ակնհայտ է, որ Արցախի հարցում նա դեմ է գնում հայ ժողովրդի կամքին։ Դա երևում է ոչ միայն Հայաստանի, նաև հայկական Սփյուռքի մեծամասնության դիրքորոշումներից: Իսկ դա նշանակում է, որ այն «մանդատը», որն իբրև ստացել է Նիկոլը 2021թ. ընտրություններում` այլևս լեգիտիմ չէ և պետք է չեղարկվի։
Նիկոլի անձնական վարկանիշը, ըստ IRI-ի նշված հարցման, իջել է մինչև 14%։ Այլ բան է, որ ընդդիմության աջակցությունը ևս ցածր է։ «Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի» հարցին` իշխող «ՔՊ» օգտին կքվեարկեր ընտրողների միայն 21%։ 
 
Ի նկատի ունենալով, որ հարցվածների 30%-ը չի քվեարկի, 12%-ը կփչացնի քվեաթերթիկը, իսկ 20%-ը ընդհանրապես չի պատասխանել այս հարցին, ապա ցավով պետք է արձանագրել, որ հայ հասարակության պասիվությունն ու անտարբերությունը թույլ է տալիս Նիկոլին, շրջանցելով ազգային-պետական ​​շահերը, ժողովրդի կամքն ու հիմնարար իրավական փաստաթղթերը` միանձնյա որոշել Արցախի ճակատագիրն ու ապահովել Հայաստանի թրքացման հեռանկարը:
Ոչ մի հայ մարդ իրավունք չունի վաղվա տխուր հեռանկարի համար մեղադրի որևէ այլ մեկին: Նիկոլը գործել է, իսկ այժմ նաև բացահայտ գործում է դավադիր ծրագրերի շրջանակում: 
 
ՔՊ-ին կրկին ընտրելու պատրաստակամություն ունեցող 21%-ին դավադրության կողմնակից համարել չի կարելի, բայց և պատասխանատու ու հայրենատեր քաղաքացի համարելն էլ մեծ մեղք է:
Իսկ ինչպե՞ս բացատրել Նիկոլից դժգոհող  հատվածի դժգոհությունն ու ազգային շահերի նկատմամբ միաժամանակ ունեցած նրա անտարբերությունը: Ամենայն հավանականությամբ անտարբերությունը, կրկին խաբվելու մտավախությունն ու համընդհանուր հիասթափությունը պարարտ հող է ստեղծել ազգակործան պատուհասի նոր կապիտուլյացիոն քաղաքականությունն առաջ տանելու համար»:

← Վերադառնալ ցուցակին