Լուրեր
Տիգրան Աբրահամյանը խոսել է այն գործոնների մասին, որոնք կազդեն Արցախում հնարավոր էսկալացիայի վրա
31.05.2023
Հնարավոր ռազմական գործողությունների մասշտաբն Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին կախված է նրանից, թե ՀՀ իշխանություններն ինչ խորությամբ զիջողականություն կդրսևորեն, Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Իրավիճակը բավականին անկանխատեսելի զարգացումներ է ապրում և դժվար է միանշանակ ասել, թե որ պահին ինչ կարող է տեղի ունենալ, և հնարավոր ռազմական գործողություններն ինչ մասշտաբի կլինեն։ Շատ բան կախված է նրանից, թե բանակցային գործընթացն ինչպես կընթանա, և ՀՀ իշխանությունները զիջողականության ինչ խորություն կդրսևորեն»,- ասաց պատգամավորը։ Նա հավելեց, որ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը շարունակում է զիջել, իսկ Ադրբեջանի հավակնությունները գնալով աճում են։ Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ Ադրբեջանի համար զսպող օղակ կլինի տարածաշրջանում ՌԴ գործոնը և խաղաղապահների ներկայությունը, Աբրահամյանը նշեց, որ միանշանակ պատասխան այստեղ չկա։
«Մի կողմից Արցախում ռուս խաղաղապահները զսպող դեր են ունեցել մասշտաբային գործողությունների համար, մյուս կողմից նրանց ներկայությունը չի զսպել Ադրբեջանին որոշակի լոկալ գործողությունների գնալու, այդ թվում՝ ադրբեջանական անցակետը Հայաստանն Արցախին կապող միջանցքում տեղակայելու համար։ Միանշանակ պատասխան այստեղ չկա»,- նշեց Աբրահամյանը։ Գնահատելով Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունը հնարավոր պատերազմական գործողությունների վրա՝ պատգամավորը նկատեց, որ այս տեսանկյունից Թուրքիայի դիրքորոշումը պարզ է, իսկ ՌԴ-ն փորձում է պահպանել տարածաշրջանում իր առաջնային դերը։ «Թուրքիան, հատկապես վերջին շրջանում, անընդհատ ընդգծում է, որ հնարավոր ռազմական գործողությունների և ՀՀ-ի նկատմամբ ճնշումների պարագայում ինքը մշտապես լինելու է Ադրբեջանի հետ, և այս տեսանկյունից Թուրքիայի դիրքորոշումը պարզ է և հասկանալի՝ մինչև ինչի նա կարող է գնալ։ 44-օրյա պատերազմը դրա վառ օրինակն է։
Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, նա փորձում է տարածաշրջանում իր առաջնային դերը պահպանել և շատ բան կախված է նրանից, թե ռուսական շահն այդ իրավիճակում ինչ կպահանջի»,- ասաց Աբրահամյանը։ Խոսելով ստեղծված իրավիճակում Արևմուտքի գործոնի մասին՝ պատգամավորը նշեց, որ վերջինս ունի իր շահերը։ «Արևմուտքը մեր տարածաշրջանում ունի իր շահերը, որոնցից առաջնայինը ՌԴ ազդեցության նվազումն ու հնարավորության դեպքում դուրս մղումն է տարածաշրջանից և այս համատեքստում նա պատրաստ է ամեն ինչի»,- հավելեց պատգամավորը։
armeniatoday.news