Լուրեր
Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ պատգամավոր․ Տիգրան Աբրահամյան
29.05.2023

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով:
Ադրբեջանի պահանջն Արցախի պետական համակարգը ինքնալուծարման տանելու` նախագահից մինչև ստորին էշելոնում գտնվող պաշտոնյաների հրաժարական, ՊԲ կազմաքանդում, ըստ էության խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ձևով ակտիվացնում է Արցախի ադրբեջանացման գործընթացը:
Ադրբեջանի այս ագրեսիվության հիմքում ՀՀ իշխանության պատրաստակամությունն է` ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որով լեգիտիմացվեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայումը, իսկ հիմա` արցախցիների դիմադրության պայմաններում, նոր արկածախնդրության սպառնալիք է ստեղծում:
Մինչ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ լուզունգների ներքո հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, փաշինյանական իշխանությունը բոլոր հնարավոր հարթակներում հաստատում է Արցախի հանձնման իր առաքելությունը:
Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում»: