Լուրեր
Մենք մեր գործողություններով պետք է ապացուցենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը Արցախից չեն հրաժարվել․ Շարմազանով
27.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը դառնա թուրքական շահ սպասարկող կուզիկ։
Չգիտեմ՝ հանրության քանի տոկոսն է գիտակցում, որ բոլոր գծերը հատվել են։ Եթե այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է, Ալիևի մոտ ճանաչում է Արցախը Ադրբեջան, ուրեմն ոչ միայն ընդդիմությունն է պարտվել, այլ նաև հայ ժողովուրդը։
Աշխարհաքաղաքական խաղացողների, թուրք-ադրբեջանական տանդեմի, Փաշինյանի և իր խմբակի նպատակն է մեզ զրկել մեր գենետիկ կոդից, համոզել, որ 30 տարվա պայքարը զուր էր. պատահական ուղերձներ չէին օրակարգ բերում՝ «պայքար հանուն ոչնչի», «զոհեր հանուն ոչնչի», «ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարելու»․․․
Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը լինի ոչ թե դերակատար, թելադրող, այլ՝ կուզիկ, թուրքական օրակարգ սպասարկող։
Մենք պետք է միասնաբար ծրագիր մշակենք, իմաստ չունի փողոց դուրս գալ՝ դուրս գալու համար։ Տարերային շարժումը մեկ-երկու օրից մարելու է։ Մենք մեր գործողություններով պետք է ապացուցենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը Արցախից չեն հրաժարվել և որ Փաշինյանն ու իր խմբակը լեգիտիմ չեն, չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը»։