Լուրեր

Ալեքսանյանի ղեկավարն ինքն էր ԱԺ-ում՝ հենց իր հարցին ի պատասխան ասում, որ պատերազմի ժամանակ բանակը զենքի պակաս չի ունեցել․ Տիգրան Աբրահամյան

26.05.2023

 ԱԺ «Պատի ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր արձագանքել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ մինչև 2018 թվականը ՀՀ ունեցած սպառազինությանը վերաբերող մեկնաբանությանս,  որտեղ նաև մեջբերել էի պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում, ըստ Ալիևի, խոցվել կամ առգրավել են մեծ քանակությամբ զինատեսակներ, որով պատճառվել է 5 մլրդ դոլարի վնաս:
 
Դրանց ցուցանմուշների մի մասը ներկայացված էր Բաքվի «ավարների պուրակում», իսկ մի մասը համալրել է ադրբեջանական բանակը:
Այդ պուրակում հիմնականում ներկայացված էին խոցված զինտեխնիկան, իսկ այն տեխնիկան, որը վերանորոգման ենթակա էր կամ վնասված չէր, ընդգրկել էին Ադրբեջանի սպառազինության կազմում:
 
Ավելին՝ մինչև այդ անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ եթե այսօր էլ ՀՀ-ն ունենար շահարկված 70-80-ականների զինատեսակները՝ զրահատեխնիկայից մինչև հրթիռահրետանային համակարգերը, ՀՕՊ, որոնք ունեինք մինչև պատերազմ, ապա արդյունավետ պաշտպանության խնդիր կլուծեինք:
Ինչ վերաբերվում է գործող իշխանությանը, ապա այս նրանց ձեռբերած ՍՈՒ-30-ները պարզվեց առանց զինամթերքի էին և բնականաբար խնդիր չլուծեցին, իսկ ՀՕՊ ՕՍԱ ԱԿ համակարգերը, որոնք ձեռք էին բերվել Հորդանանից, մի մասի արդիականացումը չէր իրականացվել:
 
2018-20 թվականներին եղել էին որոշ զինատեսակների մատակարարարումներ, սակայն դրանց ճնշող մեծամասնությունը մինչև 2018 թվականի կնքված պայմանագրերի արդյունքն էին:
Ի  դեպ, Ալեքսանյանի ղեկավարն ինքն էր ԱԺ-ում՝ հենց իր հարցին ի պատասխան ասում, որ պատերազմի ժամանակ բանակը զենքի պակաս չի ունեցել, իսկ եղած զինատեսակների, սպառազինության ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծեցի, ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը:
 
Ադրբեջանական հարձակման հետևանքով՝ մինչև 2020-ի նոյեմբեր, Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել Մատաղիսի, Ջեբրայիլի, Արա Լեռան, Հադրութի, Վարանդայի, Շուշիի զորամասերը (մեծ զորամասերի մասին եմ գրում, այլ ռազմական օբյեկտներ չեմ հաշվում), որտեղ տեխնիկա կար, որ նույնիսկ պարկից չէր հանվել, դեռ չեմ խոսում տարբեր օպերացիայիների մասին, ինչպիսին «Լելե Թեփե» անունը կրողն էր, երբ տեխնիկայի մի մասը թողնվել էր մարտադաշտում:
Իսկ խոցվածների մասին պատկերացում կազմելու համար, եթե նույնիսկ վերցնենք Արցախից պաշտոնատար անձանց կողմից հնչեցրած հայտարարությունը, ապա ըստ դրա, պատերազմի առաջին օրերին ադրբեջանական կողմը խոցել էր ՀՕՊ համակարգերի 50-ից 60, հրետանու շուրջ 40 տոկոսը, ՀՀ ՊՆ կորուստների մասին դեռ չեն խոսում: Ավտոմոբիլային պարկին իմաստ էլ չկա անդրադառնալու: Դե հաշվեք, ըստ զորամասերի, ըստ սպառազինության ու տեխնիկական միջոցների:
Հայաստանի խոցված անվտանգության համակարգին անդրադառնալու շատ բան կա՝ հայրենիքի կորստից մինչև շարունակական հանձնում, սակայն այսքանով կեզրափակվեմ:
 
Հ.Գ. Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին՝ Արցախը հանձնելու մտադրության և այդ գաղափարի պաշտպանությանը նետվելու համար, որովհետև պատմությունը սրբագրել չի ստացվի, իսկ հայ ժողովուրդը դա երբեք չի ների»:

← Վերադառնալ ցուցակին