Լուրեր

Նիկոլի հորինած «կադաստրի թուղթ» օպերացիան, ինչպես բոլոր թեմաները, ոչ միայն կեղծ են այլ նաև ծայրահեղ վտանգավոր․ Արտակ Զաքարյան

25.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Եթե Փաշինյանը և Ալիևը կարծում են, որ Ալմաթիի հռչակագրով, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների նույնական ճանաչումը որպես միջպետական սահմաններ, բխում է միջազգային պարտավորություններից, ուրեմն երկուսն էլ այսուհետ պետք է պատրաստ լինեն ՄԱԿ-ում քվեարկել Ղրիմի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և այլ նմանատիպ թեմաների վերաբերյալ հնարավոր բանաձևերի օգտին: Սա ի միջ այլոց: 
 
Նիկոլի հորինած «կադաստրի թուղթ» օպերացիան, ինչպես բոլոր թեմաները, ոչ միայն կեղծ են այլ նաև ծայրահեղ վտանգավոր: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունն ըստ Նիկոլի` «ապօրինի պետություն» է, որը 1992թ-ից սկսած ապօրինի անդամակցել է ՄԱԿ-ին և բոլոր միջազգային կառույցներին, հաստատել է ապօրինի դիվանագիտական հարաբերություններ, կնքել է հազարավոր բազմակողմ ու երկկողմ միջազգային ապօրինի պայմանագրեր և այլն: Եթե ծուղակ հանդիսածող այս շինծու գաղափարն Ալիևը չի տվել Նիկոլին, ապա ո՞վ է այդ թշնամական թեզը հուշել Հայաստանի հինգ տարեկան «վարչապետին»: 
Նիկոլի ուղեղին հասու «կադաստրի թուղթը» երկրները ձեռք են բերում հայրենատիրությամբ, խելացի իշխանություններով ու քաղաքական կամքով, բանակի ուժով և ոգով, երկրի անվտանգությունն ապահովելու կարողությամբ, հասարակական համերաշխությամբ, տնտեսական և սոցիալական ռեսուրսներ ստեղծելով ու վերարտադրելով, ազգային ինքնությամբ և պատմական հիշողությամբ, ազգային իղձերի ու գաղափարների համար անդադար պայքարելով: Ոչ թե «տա´նք, որ ավելի շուտ վարի գնանք»` դավադիր բանաձևով: 
 
Զարմանալու ոչինչ չկա: Եթե մի երկրի ղեկավարը հինգ տարի շարունակ Նիկոլի նման մեկը լինի, պարզ է, որ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետությունից «կադաստրի թուղթ» էլ կուզեն, «կեցության իրավունքի վկայական» էլ, «հողահատկացման որոշում» էլ կուզեն:
Փորձեք Նիկոլին հինգ տարով ներդնել որևէ հինավուրց երկրի վարչապետի պաշտոնում ու կտեսնեք, թե այդ երկրի «կադաստրի թուղթը» ինչպե՞ս է միջազգային հարաբերություններում ուժը կորցնում:
Ասում է, «պատմության մեջ առաջին անգամ «կադաստրի թուղթ» կունենանք»: Իր հերթական դավաճանությունը քողարկելու, մարդկանց մոլորեցնելու և ինքն իրեն մխիթարելու նոր ձև է գտել:
 
Դու նախ քո իշխանության գենետիկ անալիզների մասին բժշկական եզրակացությունը ցույց տուր, ու հետո պատմիր «թավշյա մահաբեր հեղափոխության» ծննդյան վկայականի մասին»:
 

← Վերադառնալ ցուցակին