Լուրեր
Մուղամասեր հասարակության հետ բարեկամություն քարոզող Հ1-ից այլ բան սպասելի՞ էր. Շուշան Պետրոսյան
17.05.2023
Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Կադրից դուրս» հաղորդման շրջանակներում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն անդրադարձել է Կոմիտասի մշակույթին եւ պնդել, որ մուղամը հայկական է, եւ ոչ մի կապ չունի մեր հարեւան պետությունների մշակույթի հետ: Ինչը մեծ վրդովմունք եւ զայրույթ է պատճառել հանրության շրջանում: «Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել և մաքրել է դա, քանի որ երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները, ես գիտեմ այդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասել է նա:
Մենք երաժիշտների տեսակետը հարցրինք այս դարակազմիկ մտքերի կապակցությամբ:
Շուշան Պետրոսյան. «Կոմիտասի հանճարը հասկանալու համար պետք է առհասարակ ծանոթ լինել հայ մշակույթին, հայ միջնադարյան հոգևոր երաժշտությանը, խազագրության պատմությանը, որ ձևավորվել է ութերորդ դարում ու հայ միջնադարյան երաժշտական գրության արվեստն է: Առոգանության խազագրությունը 1888 թվականին սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա վերծանել է Կոմիտասը, ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Եթե հայ երաժիշտ կոչվելու հավակնություն ունես, գոնե պետք է մեկ-երկու անգամ լսած լինես այդ աստվածային երաժշտությունը ու թերևս կհասկանաս, որ մուղամը երբևէ հայկական երաժշտության մաս չի կազմել։ Կոմիտասի վերծանած խազերն առ այսօր լսելի են հայկական ժողովրդական երգերի անզուգական մեկնաբանություններում լինի դա թե՛ պրոֆեսիոնալ կատարող, թե՛ սովորական երաժշտասեր ու կրկնում եմ, դա բնավ մուղամի տարրեր չկրող հնչյուններ են։ Կոմիտասը չի վերացրել, վերծանել է։ Կարո՞ղ է գեր-հերոս Սարգիսը այդ բառերն է շփոթել… Մուղամասեր հասարակության հետ բարեկամություն քարոզող Հ1-ից այլ բան սպասելի՞ էր»:
Հայկ Գևորգյան
hraparak.am