Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Արցախում նախկինում 50 հազարանոց հանրահավաքներ են եղել, բայց Հայաստանի պրոիշխանական շրջանակներն անդրադառնում են հենց Սամվել Բաբայանի կազմակերպած սակավամարդ հանրահավաքին. «Սամվել Բաբայանը ինչպե՞ս կարող է դեմ լինել Նիկոլ Փաշինյանին, նրանք 44-օրյա պատերազմի պարտության մարմնավորողներն են: Սա է փաստը: Եթե Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չլինեին այսօրվա Սամվել Բաբայանի գործողությունները, այդպես չէին աջակցի: Ռուբեն Վարդանյանի վրա բոլորով հարձակվել էին, իսկ Սամվել Բաբայանի դեպքում Նիկոլ Փաշինյանի հաճախորդներն իրար հերթ չտալով՝ Ֆեյսբուքում գրառումներ են կատարում: Մենք գիտենք, չէ՞, որ Սամվել Բաբայանը Ռուսաստանում ոչ միանշանակ է ընկալվում, և սա նաև ռուս խաղաղապահների դեմ է ուղղված: Ակնհայտ է, որ տեղի է ունենում Արայիկ Հարությունյանի վրա ճնշում կամ պայմանավորված գործընթաց՝ Նիկոլ Փաշինյանի դրածո, գործընկեր կամ բարոյական աջակից Սամվել Բաբայանին որոշակի իշխանություն տալու համար, որն ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ»:
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար հարմար թեկնածու գտնելն է. «Պետք է մեկը, չէ՞, որ Նիկոլ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններով գնա երկխոսության: Ո՞վ է լինելու այդ մեկը, իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը: Վերջ, այս ամենը դրա համար է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը սկսվի, բայց իրականում այն Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն է՝ Բաքվի տակ»:
2023թ. փետրվարի 21-ին Սամվել Բաբայանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի իշխանություններին առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր պատկերացրած լավագույն լուծումը՝ գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։
«Եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում։ Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ»,- ասել էր Սամվել Բաբայանը:
Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ այդ պարագայում կասեն՝ Ադրբեջանի հետ հաշտ ենք, ռուս խաղաղապահների կարիքը չկա. «Չեմ բացառում, որ սա Բրյուսելում Ալիև-Փաշինյան համաձայնեցված գործընթաց է, և պետք է մեկը, որն այնտեղ կատարի Ալիև-Փաշինյան պլանի քայլերը, այդ մարդն էլ գտնվել է, էլի: Սամվել Բաբայանին պետք է իշխանություն, թե այդ իշխանությունը ինչպես կկոչվի՝ Բաքվի տակ, Երևանի, Բրյուսելի թե Մոսկվայի, այդքան էական չէ նրա համար: Ուղղակի նայեք, թե ինչպես են Փաշինյանի աջակիցներն ու թիմակիցները երեկվա միտինգը կարևորում, և թե նախկին 50-60 հազարանոց միտինգների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեին, և ամեն ինչ պարզ կդառնա: Ես չեմ բացառում, որ Երևանի ճնշման արդյունքում երեկ Արայիկ Հարությունյանը որոշեց քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել: Արցախում գնում է իշխանությունը կիսելու կամ փոխանցելու գործընթաց, թե հիմա ում տեսքով դա կլինի, երկրորդական է»:
Շարմազանովը նկատեց՝ Սամվել Բաբայանն այս ընթացքում ավելի շատ քննադատում է Արցախի և Հայաստանի նախկին իշխանություններին, քան Շուշին հանձնած Նիկոլ Փաշինյանին. «Սա պետք է հարցեր առաջացնի, չէ՞»:
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am