Լուրեր

Նիկոլ Փաշինյանն ավելի է արձակել Ալիևի ձեռքերը` Արցախում կամայականություններ անելու համար. Արտակ Զաքարյան

14.05.2023

 «Այս հայտարարությունն արդեն խոսում է այն մասին, որ ՀՀ գործող կառավարիչն ամբողջովին Ադրբեջանի ենթակայության տակ է ճանաչել Արցախը` իր բոլոր հետագա հետևանքներով հանդերձ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի արած հայտարարությանը: Հիշեցնենք, Բրյուսելում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԽ նախագահ Շառլ Միշել եռակողմ հանդիպումը, որը տեւել է չորս ժամ։ Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շառլ Միշելը, համարելով, որ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն, հայտարարել է․ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։

Արտակ Զաքարյանի բնութագրմամբ, այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ավելի է արձակել Ալիևի ձեռքերը` Արցախում կամայականություններ անելու համար. «Սա հայ ժողովրդի հավաքական նպատակների դեմ դավադրության ցցուն փաստերից մեկն է»: Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա Ադրբեջանը պետք է նաև ամբողջովին դուրս բերի իր զորքերը օկուպացված հայկական տարածքներից. «Այս մասին ոչինչ չկա ասված: Բրյուսելյան, այսպես կոչված, բանակցությունները Արցախյան հարցը վերջնականապես թաղելու հերթական քայլն է, որն արվել է հայաստանյան կողմի դավաճանության բարձրագույն դրսևորմամբ»,- կարծում է Արտակ Զաքարյանը:

Հարցին՝ այս բանակցությունները եւ իբրեւ արդյունք այդ հայտարարությունը դատավճի՞ռ են, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Սրան հետևելու է փաստաթղթի ստորագրումը, որը սկիզբ է առել Վաշինգտոնում և ամփոփվում է Բրյուսելում: Առայժմ լիարժեք պարզ չէ, թե ո՞րն է Մոսկվայի վերջնական դիրքորոշումն այս հարցում: Բայց եթե առկա դավաճանական մեթոդների և հակահայկական սկզբունքների հիման վրա ստորագրվի փաստաթուղթ, ապա այն կդառնա վերջնական դատավճիռ: Այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի վերաբերմունք կունենա դրան հայաստանյան քաղաքական և քաղաքացիական հանրույթը: Եթե գործող կառավարիչները կարողանան այն հրամցնել ու վավերացնել, ապա վստահ կարող ենք ասել, որ դա նաև Հայաստանի հանրապետության դատավճիռն է լինելու: Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն օգտվի Հայաստանի դավադիր ուժերի և միջազգային խառը իրադրության առկայությունից ու ոչնչացման տանի հայկական գործոնը»:  

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին