Լուրեր

Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները․ Աշոտյան

09.05.2023

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

 «Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները.
Նախ՝ արտգործնախարարների «վաշինգտոնյան գերությունը» սահուն անցնում  է ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման, այսինքն՝ հավաքական Արևմուտքը փորձում է պահել Մոսկվայից խլված նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում։
 
Երկրորդ՝ Եվրամիության միջնորդությամբ վերջին հանդիպումը Պրահայում էր, և դա քառակողմ հանդիպում էր՝ Մակրոնի մասնակցությամբ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պնդեց նման ձեւաչափում Ֆրանսիայի նախագահի մշտական ​​մասնակցությունը, իսկ Ալիեւը կտրուկ մերժեց նման մոտեցումը։ Բրյուսելի ֆորմատը փաստացի կաթվածահար էր, և հաջորդ հանդիպումը կվերակենդանացնի այն։
 
Երրորդ, եթե այս հանդիպումը Բրյուսելում տեղի ունենա առանց Մակրոնի, ապա կարելի է արձանագրել Նիկոլի հերթական դիվանագիտական ​​ձախողումը նույնիսկ նման ոչ առաջնահերթ թվացող հարցում։
 
Չորրորդ՝ ամենայն հավանականությամբ Բրյուսելի հանդիպումը կունենա նաև բովանդակային արժեք, հակառակ դեպքում արևմտյան գործընկերները չէին շտապի այն կազմակերպել՝ նկատի ունենալով հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և այնտեղ նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»։

← Վերադառնալ ցուցակին