Լուրեր
Ալիևը գիտի, որ առանց Էրդողանի նա Արցախը հեռվից անգամ տեսնել չէր կարողանում․ Արտակ Զաքարյան
29.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր թուրքական լրատվամիջոցները ակտիվ տարածում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ ինչ-որ փառատոնի տեսանյութ: Բուն իմաստը իհարկե Էրդողանին ողջ-առողջ հանրություն վերադարձնելու քարոզն էր: Իսկ ի՞նչ գործ ուներ Իլհամ Ալիևն Էրդողանի ավտոմեքենայի ղեկին:
Ալիևի հայտնվելն Էրդողանի քարոզարշավում արտաքուստ բարոյական աջակցության ու փոխադարձ պարտավորությունների «եղբայրության» ժեստ է ցուցադրվում: Սակայն այն իր մեջ ունի վախի շատ մեծ չափաբաժին: Ալիևը գիտի, որ առանց Էրդողանի նա Արցախը հեռվից անգամ տեսնել չէր կարողանում: Էրդողանի (Նիկոլն էլ վրադիր իհարկե) շնորհիվ Ալիևը հասավ Շուշի ու այժմ միջազգային հարաբերություններում, օգտվելով Թուրքիայի և հատկապես Էրդողանի ներկայիս դերակատարումից` իրեն պահում է անպատասխանատու վարյագի պես: Նա հասել է մի կետի, որ նույնիսկ ռուսների ու ամերիկացիների հեղինակության վրայով է անցնում և նրանց շահերին է հաթաթա տալիս (եվրոպացիներին բանի տեղ չի դնում, որովհետև նրանց գազով գնել է վաղուց):
Էրդողանի առողջությունն ու վերընտրվելը Ալիևի համար քաղաքական գոյության հարց է: Ալիևը 44-օրյա պատերազմից հետո դարձել է Էրդողանի ձեռքի մանեկենը և առանց նրա այլևս չունի որևէ ապագա: Թուրքիայում նախագահի փոփոխությունից մեր երկրի շատ բան չի փոխվի, բայց Ալիևի համար այն կարող է ճակատագրական լինել:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա անկախ նրանից թե ի՞նչ ճակատագիր կունենան Թուրքիայի ու Ադրբեջանի գործող ղեկավարները, մենք ուղղակի պարտավոր ենք փոխել մեզ դավաճանած ու մինչև վերջ ձախողած կապիտուլյանտին: Ցանկացած վերադասավորման պարագայում նա այլևս ավելորդ ու վտանգավոր է հետագա քաղաքական գործընթացների տեսանկյունից: Այնպես, ինչպես իր կիրթ բարեկամ Ալիևը` որի ապագան Ադրբեջանում ևս շատ մշուշոտ ու անմիխիթար է երևում:
Արցախը պետք է շարունակի դիմադրել այս ծանր հոգեբանական և ֆիզիկական մենամարտը: Իսկ Հայաստանը պարտավոր է մաքրել իր ներքին քաղաքականության աքիլեսյան գարշապարը» :