Լուրեր
Արցախի գործընթացը մտնում է առավել ծանր փուլ` անկանխատեսելի հետևանքներով․ Տիգրան Աբրահամյան
23.04.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անձնագրային կետ տեղակայելու համար:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում:
Ողջ գործընթացն Ադրբեջանն իրականացնում է ուժեղացված ուժերով` հիմնականում ներքին զորքերի ներգրավմամբ:
Պարզ ասած, Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ից Արցախ ու հակառակը երթևեկությունը վերցնել իր վերահսկողության տակ` համապատասխան ստուգումներով և ռեժիմով:
«Ադրբեջանական բնապահպանների» աշխատանքը Շուշիի հատվածում ավարտվում է` անցակետի առկայության դեպքում նրանց անելիքն անիմաստ է:
Արցախի գործընթացը մտնում է առավել ծանր փուլ` անկանխատեսելի հետևանքներով:
Իսկ ի՞նչ կանի ՀՀ իշխանությունը` կմեծացնի ուժային-թիկնապահական կազմը, ասֆալտի ծավալը, մի քանի հազարով թոշակները ու կբարձրացնի բոլոր այն գրչակների փողերը, ովքեր ստիպված պետք է ողջունեն իշխանության հանցավոր անգործությունն ու երկիրն այս կետին հասցնելը»: