Լուրեր
Նիկոլը մնալու է իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ Սերժից «նեղվածների» կաստան գոյություն ունի մեր քաղաքական իրականության մեջ․ Աշոտյան
23.04.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանի հրաժարականի հինգերորդ տարելիցով պայմանավորված այսօր մեծ է գայթակղությունը՝
* հիշելու եւ մոռացության տալու համաժողովրդական էյֆորիայի օրերը,
* հետին թվով պրոֆեսոր երևալու,
* սեփական մեղքերը չընդունելով, լուրջ դեմքով քաղաքագիտական վերլուծություններ անելու և այլն:
Ի դեպ, նկատեցիք՝ ես տարելից ասացի, ոչ թե ՝ տարեդարձ:
Որովհետև այո, այն համաժողովրդական ուրախությունը, որով Հանրապետության հրապարակն ու հայաստանյան այլ փողոցներ ու հրապարակներ դիմավորեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը, ենթադրում էր, որ այն պետք է դառնար ոչ թե տարելից, այլ՝ տարեդարձ:
Ավաղ, այս կարճ, բայց արյունալի ու հագեցած տարիները Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը Հայոց պետականության համար դարձրեցին տարելից՝ դասելով այն ամենաճակատագրական, վնասակար, կործանարար պատմական ամսաթվերի շարքում:
Ոմանք չեն զսպում իրենց հիվանդագին էգոիզմը ՝ 5 տարի առաջ Սերժ մերժելով, տարիներ շարունակ Սերժի օրոք մանիպուլյացիաներ և ստեր հորինելով ու տարածելով, եվրոպական հարթակներում բամբասանքների ներքո հիմարություններ խոսելով, երկրի ներսում եղած «չոփ» խնդիրը «գերան» դարձնելով, միստիֆիկացիաներ անելով ու այդպիսով իսկ նպաստելով Սերժ Սարգսյանի իշխանության թուլացմանը, «անմեղ գառան» դեմքով հերթական անգամ «սաղ Սերժն է մղավոր» իրականում նիկոլական թեզն առաջ տանելու համար:
Այո՛, ո՛չ Սերժը, ո՛չ իր իշխանավորները, այդ թվում ես, սուրբ չէինք և չէինք էլ հավակնում սուրբ լինել:
Այո՛, երկրում առկա բազմաթիվ խնդիրները թույլ չէին տալիս հայ հասարակությանն ապրել զգացողությունների և բարեկեցության այնպիսի սանդղակում, որում ցանկանում էինք, բայց մենք՝
* ունեինք երկիր,
* ունեինք անվտանգություն,
* ունեինք բանակ,
* ունեինք թասիբ,
* ունեինք Արցախ,
* ունեինք Շուշի:
* ունեքին 5000 ողջ երեխա:
Եվ այս պատմական իրողության մեջ ուզում եմ կրկին շեշտել, որ այս տարիներին Նիկոլին իշխանությունը տալու մեջ Սերժ Սարգսյանին մեղադրող մարդկանց ճնշող մեծամասնությունն ինձ համար բաժանվում են հետևյալ խմբերի.
1. Սերժի 10 տարվա ընթացքում ստեր հորինողներ, բամբասողներ, տարածողներ,
2. Սերժին ակտիվ ու հավեսով մերժողներ,
3. Սերժին դավաճանածներ և դավաճանողներ,
4. անտարբերներ, որոնց թվում էր՝ «моя хата с краю» վիճակը փրկելու է իրենց այն աղետից, որ տեսանելի էր արդեն 2018 թվականին:
Ո՛չ, Սերժ Սարգսյանը մեղավոր չի, որ Նիկոլը ձեզ «գցեց»:
* Նիկոլը «գցեց» ժողովրդին հեշտ կյանքի սուտ խոստումներով՝ երջանկության պատրանքներ հրամցնելով,
* Նիկոլը «գցեց» իրեն սատարող հանրային քաղաքական գործիչներին և ուժերին, որոնց թվում էր, թե Նիկոլով կարող են Սերժին «գցել», իսկ հետո արդեն կլուծեն գեղցի շուստրի Նիկոլի հարցերը:
* Նիկոլը «գցեց» Հանրապետության հրապարակում Աննա Հակոբյանի ձեռքից խոսափողը խլող գործիչներին, որոնց թվում էր, թե ՝ Նիկոլը բոլորի համար է բացել իշխանություն գալու դարպասները,
* Նիկոլը «գցեց» իր որոշ թիմակիցների, որոնք «գցված» լինելով Նիկոլից, չեն ներում Սերժ Սարգսյանին,
* Նիկոլը «գցեց» բոլորին:
Քանի դեռ այս ինքնախոստովանական մաքրությունը չի գերակայում այդ մարդկանց մոտ՝ 5 տարի առաջ, իսկ ոմանց համար ավելի շուտ սեփական սխալները Սերժի վրա բարդելու մոլուցքից, Նիկոլը մնալու է իշխանության:
Սերժը ճիշտ էր, մենք բոլորս ՝ մեղավոր:
Սա է չոր նստվածքում պատմական բանաձևը և նա ճիշտ էր, որ ուզում էր շարունակել Արցախի հարցի բանակցություններն այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որն ակնհայտորեն, եթե հայտնվեր այլոց ձեռքերում, բերելու էր կործանման:
Ուստի, Նիկոլը մնալու է իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ ժամանակին Սերժ մերժողների, իսկ այսօր Սերժի մերժման մեջ Սերժ Սարգսյանին մեղադրողների, Նիկոլի կողմից «գցվածների», բայց Սերժից «նեղվածների» կաստան գոյություն ունի մեր քաղաքական իրականության մեջ»: