Լուրեր

Փաշինյանը, խոստովանում է, որ տապալել են անվտանգության ոլորտում իրենց հանձնառությունները․ Տիգրան Աբրահամյան

20.04.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուոքյան իր էջում գրել է․

«44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումների ու որպես հետևանք հազարավոր մարդկային զոհերի ու տարածքային կորուստների ֆոնին, իշխանության տարբեր դեմքեր պնդում են, թե իրենք բարեփոխումներ են անում, իրավիճակ փոխում:

Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում:
 
Ի դեպ, ինքը` Փաշինյանը, խոստովանում է, որ տապալել են անվտանգության ոլորտում իրենց հանձնառությունները, ինչի մասին խոսել է և´ Տեղ գյուղի իրադարձություններից օրերին, և´ հետպատերազմյան ժամանակահատվածում բազում կորուստներից հետո:
 
Դրան զուգահեռ, իշխանության քարոզչամեքենան անհույս ճիգեր է գործադրում մարդկանց համոզելու, որ իրականում անվտանգության համակարգը արդյունավետ գործում է, իսկ այն մարդիկ` փորձագետները, քաղաքական կամ հասարակական գործիչները, սահմանամերձ համայնքների բնակիչները, ովքեր խոսում են անվտանգային խնդիրների մասին, իրենք են մեղավոր, իրենք են միայն խոսում երկրի խոցելիության մասին, իսկ իրականում կյանքը հրաշալի է:
Քարոզչական միջոցները բացառապես ներիշխանական ճակատում կիրառող իշխանությունն այդպես էլ չգիտակցեց կամ ձև է տալիս, թե չի գիտակցում, որ ադրբեջանական ցանկացած հարձակումից առաջ, ադրբեջանցիները խորը ուսումնասիրում են սահմանագծի տարբեր հատվածներ, փորձում գտնել խոցելի ուղղություններ ու հարվածել:
 
Խոցելի տեղերը նվազագույնին հասցնելու և անվտանգային համակարգն իր գծերի վրա դնելու փոխարեն վարչական ողջ ռեսուրսը դրած է իշխանությանն արդարացնելու և իշխանության քննադատներին տարբեր միջոցներով լռեցնելու վրա` մեկի վրա հոդված գրելով, մեկի նկատմամբ քրեական գործ սարքելով, երրորդին ահաբեկելով կամ բռնությամբ սպառնալով:
Իրենք էլ հո գիտեն, որ իշխանության ու նրա առանձին դեմքերի մասով իրավապահ համակարգը կույր է և խուլ, իսկ մահակը նախատեսված է բացառապես ընդդիմախոսների համար»:

← Վերադառնալ ցուցակին