Լուրեր
Իրական Հայաստանում կատաստրոֆա է, իսկ վիրտուալ Հայաստանում՝ հեքիաթային. Արտակ Զաքարյան
19.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրական Հայաստանում կատաստրոֆա է, իսկ վիրտուալ Հայաստանում՝ հեքիաթային
1. Վիրտուալ Հայաստանում շարունակում ենք հավատարիմ մնալ “խաղաղության օրակարգին”: Վիրտուալ (այսինքն երևակայական Հայաստանում) խաղաղությունը վաղուց եկել է: Այնտեղ թշնամի չկա, թուրքը մեր ախպերն ա, Ղարաբաղը թուրքերինն ա միշտ եղել, ամեն ինչի մեղավորն էլ էն թալանչի նախնիներն են, իսկ եթե թուրք-ախպերները կամենան Հայաստանին մի 29.800ք.կմ տարածք թողեն լավ, չթողնեն՝ միևնույն է մենք մեզ պարտված չենք համարելու և երեսներիս խոզի կաշի քաշած շարունակելու ենք խոսել հեռավոր ինչ-որ գեղում ասֆալտ փռելու թեմայից: Վիրտուալ Հայաստանում խաղաղություն է, իսկ իրական Հայաստանում՝ կորուստ, սուգ, զոհեր, օկուպացիա, շրջափակում, ցեղասպանական վտանգ և խորհը հիասթափություն: Հիմա ո՞րն է ավելի լավ, իհարկե՝ վիրտուալ Հայաստանը, ուղղակի պետք է, որ ամեն մարդ իրեն կարողանա դնել հայտնի կենդանու տեղը և չնկատելու տա ահագնացող սպառնալքները:
2. Վիրտուալ Հայաստանում գնացել էինք Աշտարակի քարուքռա չոլերը և անմիջապես ընդունվել աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երից մեկը: Նույնիսկ արդեն ԿԳՄՍՆ-ն հիմնական առարկաների ու ֆակուլտետների ցանկերն է մշակել, ուսանողների քանակներն է հստակեցրել, երևի դասաբաշխումներն է արել և այլն: Հետո էլ արագընթաց գնացքով (տրամվայով) ակադեմիական Աշտարակից եկանք Երևան ու վիթխարի սակուրաների սաղարթախիտ հովի տակ, թուրքական էժան լոլիկով ձվածեղ կերանք ու մարիխուանայով մախմարի թուրքական չայ խմեցինք: Վիրտուալ Հայաստանում ամեն ինչ շատ հեշտությամբ է արվում և շատ արագ: Էն նախկինները չէին ֆայմում իսկական Հայաստան պետության փոխարեն վիրտուալ Հայաստան կառուցեն: Շատ հեշտ է՝ ընդամենը պետք է գեղեցիկ խոսելու, խաբելու, ֆռռցնելու ու հույսով անելու ձևերը իմանաս և վերջ: Իսկ իրական Հայաստանում՝ ԲՈՒՀ-եր են փակվում կամ միավորվում, ուսանողներն անընդհատ դժգոհում են, ֆակուլտետներ կան նույնիսկ ուսանող չունեն: Սա գլխացավանք է, իսկ վիրտուալ Հայաստանում ոչ մի գլխացավանք չկա: Դու ասում ես ինչ ուզում ես, մյուսները ծափ են տալիս ու հիանում:
3. Վիրտուալ Հայաստանում օտարերկրյա ներդրումները էնքան շատ են, որ տնտեսությունն արդեն աղաչում ա, որպեսզի պետությունը հարկերը շուտ-շուտ հավաքի, որովհետև փողը դնելու տեղ չկա: Կառավարությունն էլ ասում ա փող շատ կա, բայց քանի որ մենք խաղաղասեր ենք, մեզ զենք ծախող չկա: Ստիպված փողը աջ ու ձախ մսխում ենք, որ գոնե բյուջեի կատարողական ցույց տանք: Վիրտուալ Հայաստանում գործը կարևոր չի, կարևորը ճոխ ու տպավորիչ թվերն են ու մարդկանց երևակայությունը: Դրա համար պետք ա, որ անընդհատ խոսալու թեմա լինի, միևնույն է հաջորդ օրը լրիվ մոռացվելու է: Ամեն օր կարող ես տարբեր բաներ խոսել, ու մարդիկ քեզ կհավատան: Թե չէ գործ անելը ընդհանրապես կարևոր չէ: Վիրտուալ Հայաստանում տնտեսությունը շատ հեշտ զարգանում է, իսկ իրական Հայաստանում հենց փակեն Արևմուտք-ՌԴ ֆինանսական միջնորդավորված հոսքերը՝ տնտեսությունն Ալենի նման թքելու է փայտիկին:
4. Վիրտուալ Հայաստանում ունենալու ենք այսպես կոչված չոր նավահանգիստ: Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, ինչի համար է, բայց բոլորս գոհ ու հպարտ են, որ կունենանք չոր նավահանգիստ: Իրական Հայաստանում նույնիսկ ճանապարհ չունենք սնունդը և դեղօրայքը անխոչընդոտ Արցախ հասցնելու համար: Իրական Հայաստանում Լարսը երբ ուզում բացում-փակում են, Գորիս-Կապան ճաապարհը և այլ ճանապարհներ ձեռքներիցս առնում են, իսկ վիրտուալ Հայաստանում իսկական դրախտ է՝ թաց ու չոր նավահանգիստներ, ջրի գնով թռնող ինքնաթիռներ, կոպեկներով աշխատող բեռնափոխադրումներ և այլն:
5. Վիրտուալ Հայաստանում Աջափնյակի մետրոյի կայարանը օրական սպասարկելու է մոտ 200 հազար ուղևոր, Նոր Նորքի մետրոյի կայարանները դառնալու են տուրիստների ամենասիրելի վայրը, իսկ պետական սոցիալական ծրագրերով երիտասարդ ընտանիքների համար խիստ մատչելի նորակառույց թաղամասերն ուղղակի հիացմունք են առաջացնում: Փոխարենը՝ իրական Հայաստանում սոված է քնում բնակչության ավելի քան 20 %-ը, թմրամոլությունը հանրային վտանգի աստիճանի է հասել, հանցագործությունների թիվը թվաբանական պրոգրեսիայով է աճում, արտագաղթի ծավալները՝ նույնպես: Իրական Հայաստանում ոչ մեկին պետք չէ մետրոյի կայարան և այլ ծրագրեր, որովհետև ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է լինելու վաղը: Իրական Հայաստանում, ի տարբերություն վիրտուալ Հայաստանի՝ անընդհատ շրջում է նոր պատերազմի ուրվականը:
Իրական Հայաստանի կատաստրոֆան և վիրտուալ Հայաստանի հեքիաթները սկսվեցին այն ժամանակ, երբ Մեֆիստոֆելը գոչեց “քայլ արա մերժիր Սերժին”»: