Լուրեր
ՀՀ վարչապետ կոչվող անձը, ԱԺ ամբիոնից, ցինիկաբար հայտարարում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ բանակցային դիրքերն իբրև թե թուլացել էի. Արտակ Զաքարյան
18.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը մնաց իր հնարած “պրյոմի տակ”
Սուտը՝ ստի հետևից և բազմաթիվ ապազգային, վնասարար հատարարությունները: Մեկ օրում կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժին է արտաբերել ոչ բարով վարչապետի աթոռը զբաղեցնողը, որ նույնիսկ չգիտես, թե ո՞րը թողնես, որին անդրադառնաս:
Ահա այսպես է լինում, երբ բունկերում, հասարակության ցասումից թաքնված դավադիր կերպարը նորից քաղաքականապես վերակենդանանում է: Պարզ է, որ հաջորդ քայլերը պետք է լինեն սեփական դավադրությունների հետքերը մաքրելն ու բոլորին մեղադրելը: Նա հանդգնում է ասել, որ եթե իրենք ԱԺ-ում են, ուրեմն Հայ ժողովուրդը համամիտ է իրենց բոլոր ավերածությունների, նպատակային կապիտուլյացիայի ու միտումնավոր ձախողումների հետ:
Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հրապարակային ասել էր “ Տղա ես, հրապարակի՛ր այն փաստաթղթերը, որոնք եղել են բանակցությունների հիմքում”: Այսօրվա ԱԺ արտահերթ նիստը լավ առիթ էր, որպեսզի “հայրենասեր” Նիկոլը հրապարակի և կապացուցի իր անմեղությունը և հիմնավորի իր մեղադրանքը, ըստ որի իբրև թե նախկին իշխանություններն իրեն բանակցային վատ ժառանգություն են թողել: Չհրապարակեց, որովհետև հասկանում է, որ դրանով արձանագրելու էր, որ Սերժ Սարգսյանի վարած բանակցութուններով Արցախը գնում էր ինքնորոշման իրավունքի ճանապարհով և ուներ առնվազն ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների երաշխավորությունները:
Փոխարենն, առանց ամոթի ու պատվախնդրության խայծ զգալու՝ Նիկոլը հայտարարում է, որ նույնիսկ խաղաղության ստորացուցիչ պայմանագիր ստորագրելու հաջորդ օրը կարող է պատերազմ սկսվել, որովհետև չունի որևէ միջազգային երաշխիք:
Զենքի թեման կրկին մեջբերեց, կրկին կեղծ պնդումով, որ իբրև 2020թ. 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ավարառված մոտ 4,5-5 մլրդ դոլարի զենքը իր իշխանության օրոք է ձեռք բերվել: Սուտը այնքան մեծ է, որ ուզում ես նորից հարցնել “ Նիկո՛լ, 2019-20թթ դու ձեռք ես բերել չորս ինքնաթիռներ, երկու տասնյակից ավելի ՕՍԱ-ԱԿ ԶՀՀ-ներ, մի քանի ՀՕՊ համակարգ և որոշ չափաքանակի զինամթերք: Որքան էլ գումարես, ամենաթանկ գներով անգամ՝ դրանց գումարը չի անցնում մի քանի հարյուր միլիոն դոլարը: Այդ ինչպե՞ս եղավ, որ 4,5-5 մլրդ դոլարի զենքը և զինամթերքը, հերիք չի անհայտ պայմաններում, գրեթե անվնաս, հայտնվել են թշնամու տրամադրության տակ, մի հատ էլ ԱԺ-ում գլուխ ես գովում, իբրև թե դու ես դրանք ձեռք բերել: Կարող է՞ ՍՈՒ-30ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն”:
Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթական դադարից հետո տեղ գտած քաղաքական իրավիճակին, ապա միայն Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հայտարաությունները բավարար են, որ հստակ լինի պատերազմի արձանագրած արդյունքը: Մասնավորապես Վիեննայում, եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որտեղ արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը ստանձնել էին՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում: Պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ու Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Հարկ է նաև կրկին հիշեցնել Նիկոլին, որ ապրիլյան պատերազմից հետո, իր քաղաքակիրթ բարեկամ Ալիևն ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն ճնշում է, որպեսզի ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Եվ այս ամենից հետո, ՀՀ վարչապետ կոչվող անձը, ԱԺ ամբիոնից, ցինիկաբար հայտարարում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ բանակցային դիրքերն իբրև թե թուլացել էին:
Մեր մեղքն այն է, որ առ այսօր չենք կարողացել ձերբազատվել կործանարար կառավարությունից ու չենք կարողացել համախմբել մեր ժողովրդին՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ խաղաղության: Դրա համար էլ ՀՀ կառավարության փոխարեն, ՀՀ ԱԺ ամբիոնից շարունակում է ելույթ ունենալ բակինսկի ռադիոն»: