Լուրեր
Քաղաքացիներից ներողություն հայցող Ալենը փաստորեն կարծում է, թե քաղաքական ընդդիմությունն իրենց վիրավորելու համար է դավաճան անվանում. Արտակ Զաքարյան
06.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքացիներից ներողություն հայցող Ալենը փաստորեն կարծում է, թե քաղաքական ընդդիմությունն իրենց վիրավորելու համար է դավաճան անվանում:
Իշխանազավթիներին վիրավորելու բազմաթիվ այլ պատճառներ կան` սկսած դատական կարգով մարդկանց մահվան հասցնելուց մինչև Covid 19-ի կամ «կացարանում» հրդեհի անմեղ զոհեր: Եվ այդ անթիվ պատճառներից ոչ մեկի համար դավաճան չեն ասում:
«Դավաճանությունն» այն «դերակատարումն է», որը ՔՊ վերնախավի գիտակցված ընտրությունն է եղել: ՔՊ-ականները պետք է հասկանան, որ իրենց դավաճան են ասում որովհետև դրա համար կան հիմնավոր կասկածներ:
Այլապես ինչպե՞ս բացատրել 2018-20թթ Արցախի խաղաղ բանակցային գործընթացի հետևողական տապալումը: Ինչպե՞ս բացատրել 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո վնասարար ու ճակատագրական սխալ որոշումներն ու գործողությունները: Ինչպե՞ս բացատրել Արցախի այսօրվա իրավիճակի կամ Հայաստանի տարածքների օկուպացիայի պատճառները:
Եթե ձեզ թվում է, թե տարածքային ահռելի կորուստներն ու մեծ թվով զոհերը համարվելու են միայն տգիտության ու դիլետանտության հետևանք` սխալվում եք:
Դրանք չեն ներվելու և մոռացության չեն տրվելու: Այդ բարոյական բեռն ու մեղադրանքը միշտ ձեր վզից կախված է լինելու` որպես իշխանություն:
Որովհետև, սա այն դեպքն է, երբ դիլետանտը նաև դավադիր է, կամ հակառակը: Հարմարվեք այդ պիտակին, դա ձեր առայժմ քաղաքական բնութագիրն է: Մնացածը` ապագան ցույց կտա»: