Լուրեր

Ամբողջ դժբախտությունը մեկի մեջ է, Ալենները շատ են, փոխեն՝ ավելի վատը կգա․ Սամվել Նիկոյան

05.04.2023

 Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը խորհրդարանի ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու արարքն անդունելի է համարում, քանի որ ըստ նրա՝ Ազգային ժողովը, որպես առաջնային մանդատ ունեցող մարմին, միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում է։

«Հիշեք Ազգային ժողովի նախագահներին՝ սկսած անկախության առաջին տարիներից, տեսե՞լ եք որեւիցե մեկը նման բան թույլ տար։ Սա, իհարկե, նոր Հայաստանի իրողությունն է։ Դեր է հանձնարարված Ալենին, որն ինքը, ցավոք սրտի, կատարում է եւ իր վարքագիծը չի տարբերվում որոշ պատգամավորների վարքագծից։ Ո՞վ ասաց, որ մեզ չեն վիրավորել՝ թե խորհրդարանում, թե դրսում, ի՞նչ է՝ նման վարքագիծ ենք դրսեւորել, իհարկե, ոչ։ Հիշեք Նիկոլ Փաշինյանն ինչ վիրավորանքներ էր հասցնում Ազգային ժողովի նախագահին, պատասխա՞ն էր ստանում՝ ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Նիկոյանը։

Սամվել Նիկոյանի համար անհասականալի նաեւ այն վարքը, որը դրսեւորեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները ՄԻՊ պաշտոնում առաջադրված Էդգար Ղազարյանի հետ քննարկման ժամանակ։

«Պետք է բոլորը՝ սկսած Նիկոլից, ոհմանակային հարձակման բնազդից դուրս գան։ Մարդը քաղաքական գնահատական էր տալիս, ոհմակի նման հարձակվում եք, ո՞ր ինչ։ Ախր, չե՞ք հասկանում՝ ինչ-որ մի օր անհնար է՝ պատասխան չտաք։ Նման խուլիգանություն որեւէ իշխանության ժամանակ որեւէ հանձնաժողովում չի եղել։ Այն ժամանակ լրագրողները մականուններ ունեցող պատգամավորների էին առանձնացնում, բայց նրանցից որեւէ մեկն իրեն այդպես պահո՞ւմ էր։ Նրանք իրենց շատ ավելի քաղաքակիրթ էին պահում, քան սրանք, որ փողկապ են կապում, անուն են հանել, թե գրագետ են, բայց իրականում շարքային խուլիգան են»,- ընդգծեց Նիկոյանը։

Սամվել Նիկոյանը կարծում է՝ Ալեն Սիմոնյանի հրաժարականը որեւէ բան չի փոխի իշխանության վարքագծում։

«Նիկոլ Փաշինյանն է դրվածք սահմանել, հանձնարարություններ տվել, եւ յուրաքանչյուրն իր մարդկային որակներին համապատասխան դրսեւորում է վարք։ Ալենի փոխարեն կարող է գալ շատ ավելի վատը, որը կթքի համ էլ քացի կտա։ Ամբողջ դժբախտությունը մեկի մեջ է, Ալենները շատ են, փոխեն՝ ավելի վատը կգա»,- եզրափակեց Նիկոյանը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում պատմել էր, որ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնապահներին՝ բռնել իրեն եւ թքել է իր դեմքին այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին «դավաճան» է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։

««Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- գրել էր Սիմոնյանը:

news.am

← Վերադառնալ ցուցակին