Լուրեր
Մահ ու աղքատություն բերող այս իշխանություններն իրենց պոպուլիստական քայլերով շարունակում են ժողովրդին «քամել»` մինչև վերջին կոպեկը. Հենրիխ Դանիելյան
27.03.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018 թվականից հետո, երբ շատերին թվում էր, թե կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ խոստումները իրականություն են դառնալու, որ իրենք ստանալու են իրենց պատկերացրած աշխատավարձը կամ կենսաթոշակը` պատկերացումների ֆոնին սկսեց թանկանալ ամեն ինչ (մթերք, բանջարեղեն, միրգ, գազ, ջուր, լույս և այլն)։
Այս իշխանությունները մեր` ժողովրդիս հաշվին սկսեցին հարստանալ ու ավելացնել պետական պարտքը` թողնելով այն մեր ուսերին։ Աշխատավարձերն ու կենսաթոշակներն այնքան չնչին բարձրացրեցին, որ դրանով հնարավոր չի լինում թանկացումների ֆոնին գոնե մեկ ամիս գոյատևել։
Հայաստանում աղքատության մակարդակն ու գործազրկությունն ավելացել են, արտագաղթն ավելացել է, մարդիկ չեն կարողանում դիմակայել այս թանկացումներին, իսկ այս իշխանությունները ամեն տարի մի նոր առանձնատուն, բնակարան, ավտոմեքենա կամ բիզնես են ձեռք բերում։
Մահ ու աղքատություն բերող այս իշխանություններն իրենց պոպուլիստական քայլերով շարունակում են ժողովրդին «քամել»` մինչև վերջին կոպեկը։ Մարդկանց դարձրել են տուգանքի մատերիալ, իսկ այդ գումարներով փոխում են իրենց մեքենաներն ու կահավորում իրենց տներն ու աշխատասենյակները։
Որքա՞ն պետք է հանդուրժել այս իշխանություններին և չդառնալ «իրենց քմահաճույքների համար օգտագործվող իր» »։