Լուրեր
Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն ու հրահրած ագրեսիան այսօր արդեն իր դրսևորումն է ստացել. Տիգրան Աբրահամյան
26.03.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն ու հրահրած ագրեսիան այսօր արդեն իր դրսևորումն է ստացել Արցախի Մարտունու շրջանի մի քանի հատվածներում, ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերով:
Ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այսօր, թիրախում դաշտերում, այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներն են:
Արցախի իշխանությունը պետք է գիտակցի, որ պետք է օպերատիվ լուծումներ փնտրի, այլապես ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում:
Չէի ուզենա ասել, որ դա բացառապես Արցախի իշխանության անգործությամբ ու իներտությամբ է պայմանավորված, սակայն միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել:
Խնդիրը պահանջում է լուրջ, համակարգային աշխատանք, որի ուղղությամբ լուրջ ջանքեր նկատելի չեն» :