Լուրեր
Հայաստանում վերջին 4-5 տարում բուն դրած չարիքն իր սև գործը շարունակում է անել` քանդելով ու զիջելով. Տիգրան Աբրահամյան
25.03.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն ադրբեջանցիներն իրենց մարտական դիրքից շարժվել են միջդիրքային ուղղությամբ, դիրքավորվել այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել:
Այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ կոշտ հայտարարություններով, որի միջոցով փորձ է արվում միջազգային հանրությանը սնուցել ակնհայտ կեղծ տեղեկություններով:
Ադրբեջանական այս քայլը գալիս է լրացնելու 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի ու Հին Թաղերի, 2022-ին` Փառուխի, Քարագլխի լեռնաշղթայի նկատմամբ վերահսկողությանը և եթե սա էլ մարսվի, ապա ճանապարհ է բացվելու ադրբեջանական նոր հարձակումների, ահաբեկչության համար:
Արցախում 120 հզ. մարդ ամենօրյա կենաց-մահու պայքարի մեջ է, իսկ ճակատագիրն ամեն օր մի նոր` ավելի ծանր, փորձություն է բերում:
Իսկ Հայաստանում վերջին 4-5 տարում բուն դրած չարիքն իր սև գործը շարունակում է անել` քանդելով ու զիջելով»: