Լուրեր

«Գնացեք Անի, տեսեք` ինչ է կատարվում ու կհամոզվեք, որ ՀՀԿ-ն սուրբ էր»․ ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյան

24.03.2023

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում կիրակի օրը՝ մարտի 26-ին, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Թե որ քաղաքական ուժը կստանա ձայների առավելագույն քանակ, ինչ-որ տեղ անկանխատեսելի է։
 
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով այս համայնքում  չկարողացան իշխանություն ձևավորել, պայքարն ընթանում էր 18 տարվա համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, «ՀայՓոստի» նախկին աշխատակից Արման Սարիբեկյանի միջև։

ՔՊ-ն ձայների քանակով զիջում էր Արտակ Գևորգյանի գլխավորած ուժին՝ «Ազգ-համայնք» դաշինքին, նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունն էլ չմիավորվեց ո՛չ մեկին, ոչ մյուսին, ասել  է թե` ո՛չ նախկինին, ո՛չ ներկային։ Այս անգամ ընտրապայքարի դուրս եկած ուժերն ավելացել են ևս մեկով, մասնակցում է նաև նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ։

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը, որը Անիի ՏԻՄ ընտրություններում անձնապես սատարում է ընդդիմադիր ուժերին, պնդում է, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ և ոչ մի իշխող քաղաքական ուժ երբեք այս չափով վարչական ռեսուրսներ կիրառած չկա, ինչ հիմա կիրառվում է Անիում։ Aravot.am-ի հետ զրույցում նա որոշակի մանրամասներ ներկայացրեց Անիում տիրող իրավիճակից, իր սեփական ուսումնասիրությունից։ «Իշխանական թեկնածուի կողմից ահռելի մեծ վարչական ռեսուրսի կիրառում կա։ Ուզեցի վատագույն տարիները հիշել ընտրական գործընթացների, նմանատիպ դեպքեր երբեք չկարողացա մտաբերել․ դպրոցի ուսուցիչներից սկսած՝ հիվանդանոցների մայրապետներից ու բժիշկներից վերջացրած, բոլորից պարտադիր ցուցակ են ուզել ու զրույցի հրավիրել։ Նույն մարդկանց արդեն մի քանի անգամ կանչել են։

Հայկական ընտրությունների պատմության մեջ՝ 90-ական թվականներից սկսած, նման վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր երբևիցե չեմ իմացել, սա իրոք բացառիկ է։ Աշխատանքային ժամերին քարոզարշավ է, ոչ մի սկզբունքի առաջ կանգնել չկա․  երևի թե 2021 թվականի Ազգային ժողովի ընտրություններից ավելի լուրջ պայքար է ընթանում Անիում։ Այս մարդիկ մոռանում են, որ Անի համայնքը փոքր է ու բոլոր տեսակի խոսակցությունները մանրամասնորեն մեկը մյուսին հասնում են։ Բոլորին ինչ-որ բան խոստացել են, իհարկե, քվեախցիկ մտնողը ինքը գիտի՝ ինչ անի, բայց ռեսուրսի կիրառումը, դրսից մեծ քանակով մարդկանց բերելը՝ Երևանից ու Գյումրիից, այդ թվում մարզպետի, մարզպետարանի վարչության պետերի ներկայությունն ակնհայտ է։ Իրենք են նկարում ու գցում, որ Մարալիկում տուն առ տուն այցելում են։ ՔՊ-ի՝ Սառնաղբյուրի քարոզարշավի ժամանակ ես Անի համայնքում էի, մոտավորապես 150 մեքենա կար կանգնած, որից հազիվ թե 20-ը լինեին տեղաբնակներինը, մոտավորապես 130 պետական մեքենաներ էին, Երևանից և Գյումրիից մասնակցում էին։ Էլի եմ կրկնում, ահռելի վարչական ռեսուրսներ են կիրառվում, իհարկե, չգիտեմ ինչ հետևանքներ կունենան»։ Մենք Նարեկ Միրզոյանից հետաքրքրվեցինք՝ արձանագրե՞լ են դեպքեր, երբ ընտանիքի մի անդամը սատարի իշխանական քաղաքական ուժին, մյուսը՝ ընդդիմադիր։ «Այո, կան նման դեպքեր, ես ընդհանուր քաղաքական պայքարով եմ զգացել։ Նույնիսկ կան դեպքեր, երբ ամուսինն ու կինը ընտրությունների հողի վրա լուրջ տարաձայնություններ ունեն։ Այսօր հասարակության մեջ քաղաքական գործընթացներն այնպես են արմատացել, որ նույնիսկ ընտանեկան ջերմ հարաբերություններն են երբեմն փլուզվում»։ Նարեկ Միրզոյանի պնդմամբ, Անիում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների կիրառումը մոտ 50 տոկոսով պակաս էր, քան հիմա։ «Եվ մամուլի հրապարակումները և Անիից ստացվող տեղեկատվությունը փաստում են, որ ներկայում վարչական ռեսուրսի կիրառումը գրեթե 90 տոկոս է, նույնիսկ ամենամանր՝ «Հայ Փոստից» սկսած մինչև պետական կառույցների աշխատակիցներ ազգ-բարեկամի ցուցակ են ներկայացնում, անգամ հեռավոր ազգակցականների, ընդ որում 10 անգամ  են ցուցակն ուզում ու 10 անգամ էլ նույնի մասին հավաստիացում ստանում։ «ՀայՓոստն» էլ գիտեք, որ մասնավոր կառույց է։ Լուսաղբյուրում էլ դպրոցի տնօրենը մանկավարժներին և դպրոցի աշխատակազմին ստիպել էր ցուցակ ներկայացնել՝ ի օգուտ իշխանական թեկնածու, հակառակ դեպքում սպառնալով աշխատանքից ազատել։ Իսկ խճաքարի գողության խայտառակ դեպքը ցույց է տալիս, որ այս մարդկանց համար չափ ու սահման չկա»։ Մենք հետաքրքրվեցինք՝ մի՞թե ՀՀԿ-ի իշխանավարման տարիներին չկա՞ր այս նույնը, որ հիմա զարմանում են ՔՊ-ի՝ Անիում ունեցած անկաշկանդ, օրինախախտ պահվածքով, մեր զրուցակիցն ասաց․ «ՀՀԿ-ն սուրբ էր այն ամենի հետ համեմատ, ինչ կատարվում է հիմա Անիում։ ՀՀԿ-ի ժամանակ չի եղել նման դեպք, որ պետական կառույցի աշխատողը 7-8 անգամ կանչի իր աշխատակցին ու ամեն անգամ նույն հարցը տա՝ ո՞ւմ ես ընտրելու, նայի մեր ասածին չընտրեցիր, խնդիրներ կունենաս, անաշխատանք կմնաս։ Առաջին անգամ եմ տեսնում, որ մանր օղակներում նույն են անում, ասենք ոչ միայն քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների շրջանակում, այլ բուժաշխատողների, մայրապետերի, հավաքարարների։ Պետական ծառայողները ևս ապահովագրված չեն, սա էլ շատ տխրելու է։ Ասենք, ո՞ր իրավունքով ես պետական ծառայողին սպառնում՝ կազատվես աշխատանքից, եթե իշխանական թեկնածուի օգտին ձայն չտաս»,- ասում է ՀՀԿ խորհրդի անդամը։ Նարեկ Միրզոյանն այս ամենով հանդերձ՝ ներքին վստահություն ունի, որ Անիում ընտրության արդյունքները  կլինեն անկանխատեսելի։ Ըստ նրա, եթե ընտրախախտումների դեմն առնեն, ՔՊ-ն հաստատ չի դառնա առաջատար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

aravot.am

← Վերադառնալ ցուցակին