Լուրեր

Թմրանյութերի հյուրասիրում Գյումրու դպրոցներում՝ կոնֆետների, մաստակի տեսքով․ ահազանգում է ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարը

24.03.2023

 Տեղեկացրել ենք, որ զբոսաշրջային քաղաքի վերածվող Գյումրիում աճել է թմրամիջոցներ օգտագործողների թիվը։

Ոստիկանության պաշտոնական լրահոսից անընդմեջ տեղեկանում ենք, որ թմրամոլների շարքերում կան նաև 17-18-ամյա երիտասարդներ։ Չնայած ոստիկանության հետևողական աշխատանքին՝ անընդմեջ ուժեղացված ծառայություն իրականացնելուն, որի շրջանակում ավտոմեքենաներից բացի՝ խուզարկում են նաև փողոցներով քայլող անցորդներին, այդուհանդերձ թմրամիջոցների առուվաճառքն ակտիվորեն շարունակվում է, տվյալ դեպքում ձերբակալություններն անգամ խրատ չեն լինում։ Բոլորովին վերջերս ոստիկանությունը մի տեսանյութ տարածեց, թե ինչպես Գյումրիում ձերբակալել են 48-ամյա մի տղամարդու, որը փայլաթիթեղով փաթեթավորված «շոկո» և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելով տելեգրամյան ալիքներից մեկով, այն իրացրել է Գյումրու տարբեր թաղամասերում, տարել և տեղադրել է։

Ցավալիորեն, թմրանյութերի շրջանառությունը հասել է նաև Գյումրու դպրոցներ, այս թեմայի շուրջ տարբեր պատմություններ են շրջանառվում։ Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր այս մասին՝ սթափության կոչ անելով․ «Թմրամիջոցների շրջանառությունը հասել է հանրակրթական դպրոցներ։ Վերջին շրջանում հանրապետությունում թմրանյութաշրջանառության ծավալները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ինչպես ողջ երկրի, այնպես էլ Գյումրու դպրոցներում (հատկապես ավագ) պարբերաբար անցկացվում են ծնողական ժողովներ, որտեղ ծնողներին զգուշավորության կոչ է արվում զերծ պահել իրենց երեխաներին հանցավոր սխեմայի մեջ հայտնվելուց։ Մասնավորապես տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ դպրոցների հարակից տարածքներում թմրանյութերի շրջանառության, աշակերտներին թմրանյութ հյուրասիրելու (նույնիսկ կոնֆետի տեսքով), թմրանյութերի վաճառքի մեջ ներքաշելու և այլ դեպքերի մասին։ Պետության և երկրի ղեկավարությանը ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես է մի ողջ սերունդ կործանվում։ Հ. Գ. Ղեկավարության անտարբեր վերաբերմունքը քաղաքացիներից շատերի մոտ մեծ դժգոհության առիթ է տվել։ Հ.Հ. Գ.Ուշքի եկե՛ք, կորցնում ենք և՛ հայրենիք, և՛ մի ողջ սերունդ»,-գրել էր ավագանու անդամը։ Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Միրզոյանը մանրամասնեց․ «Թմրամիջոցների ահռելի քանակի շրջանառություն է դպրոցներում, խայտառակություն է ուղղակի։ Իրացնում են կոնֆետի, օծանելիքի, մաստակների, բուլկիների և այլ իրերի տեսքով, արդեն իսկ դեպքեր արձանագրվել են։ Թե որ դպրոցներում, իմ մոտ կոնկրետ փաստերը կան։ Խմբեր են կազմել, դպրոցականներին ընդգրկում են թմրանյութերի տեղադրման մեջ, նույնիսկ աղջիկների են ներգրավել՝ որպես ներկայացուցիչների, որոնք դպրոցների շրջակայքում են տեղադրում։ Նույնիսկ դեպքեր կան, երբ օրական 30 հազար դրամ աշխատավարձի դիմաց են երեխաներին ընդգրկում, կոպիտ ասած որպես «կլադչիկ»՝ տեղադրող։ Այդ տարիքի երիտասարդները կարող են երբեմն գայթակղվել, իրենք էլ փորձել: Կան բազմաթիվ դեպքեր, երբ մաստակ են հյուրասիրում բարձր դասարանի աշակերտին, որը համտեսի ու հետագայում կախվածության մեջ ընկնի։ Դրանք քիմիական լաբորատորիաներում ստեղծված, առողջության համար վնասակար ու կախվածություն առաջացնող են։ Կան տեղեկություններ, որ հիմնականում օտարերկրյա քաղաքացիների խմբեր են գործում, նրանք են առաջարկողը։ Բոլոր դպրոցներում մեծ մտավախություն կա այս թեմայի վերաբերյալ, հիմա դպրոցականը կվերցնի այդ թմրանյութը, թե դպրոցի հետ կապ չունեցող անձ, դա այլ հարց է։ Բազմաթիվ դպրոցներից պատմություններ ենք լսում, կան հայտնաբերված դեպքեր, ոստիկանությունը տեղյակ է, հաղորդագրություններ է տարածում տարբեր մարդկանց ներգրավվածության մասին։ Այդ պատճառով էլ օրումեջ ժողովներ են հրավիրում, նախազգուշանում ինչպես դպրոցի անձնակազմին, այնպես էլ՝ ծնողներին։ Թմրանյութերի նման քանակի շրջանառություն, այն էլ դպրոցներում մեր պատմության մեջ չի եղել, շատ մտահոգող է, ծավալն այնքան մեծ է, որ սա արդեն պետական քաղաքականության, ռազմավարության խնդիր է դարձել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

aravot.am


← Վերադառնալ ցուցակին