Լուրեր

Կառավարական ոհմակին ուղղված ակնհայտորեն սարքած հարցերի շարանի մեջ Արարատ Միրզոյանին բաժին էր հասել միանգամից 4 թխած հարց. Աշոտյան

22.03.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարական ոհմակին ուղղված ակնհայտորեն սարքած հարցերի շարանի մեջ Արարատ Միրզոյանին բաժին էր հասել միանգամից 4 թխած հարց:

Միամտաբար կարելի էր կարծել, որ այդ հարցերի սրությունը, բովանդակությունը, խորությունը «տեղին» էին, էլ չասեմ, այսպես կոչված նախարարի նախապես սարքած հարցերի վերաբերյալ պատասխանների փայլը, հմայքը, ուժգնությունը բարձր մակարկակի էին եւ երկրի համար կարեւոր, այնինչ Արարատն ԱԺ-ում ծուռ տված փոխանցումներով հա փուստ էր տալիս։
Օրինակ, նույն հարցին պատասխանելիս նա մեկ նշեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցել «խաղաղության պայմանագրի» շուրջ, մեկ կասկած հայտնեց՝ արդյո՞ք արժի բանակցել Ադրբեջանի հետ, եթե այդ երկրի ղեկավարը չի պահում իր խոստումները:
 
ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մոտ «բերանը ջուր առած» անդեմ, փոխկապավոր զանգվածն ԱԺ-ում այսօր աչքերը միամտաբար ճպճպացնելով փորձում էր կրկին անհամ ձևով խոսել ԵՄ դիտորդական առաքելության մասին, հերթական անգամ փաստելով, որ այդ առաքելության թիվ մեկ վարկաբեկողը հենց Նիկոլ&Co-ն։
Արաբական Լիգայի և իսլամական աշխարհի հետ ունեցած հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս Միրզոյանը մոռացել էր, որ ներկայացնում է մի իշխանություն, որի ղեկավարը Մյունխենում Ալիևի նմանատիպ հիմարագույն ու սադրիչ մեղադրանքներին պատասխանել էր ոչ պակաս հիմարաբար՝ կապելով կրոնական խնդիրը սովետական ժամանակահատվածի հետ:
Վերջին հարցը, ինչպես ասում են ՝ «տորթի վրայի ելակը», իսկ Արարատի դեպքում՝ «փոշեկուլի վրայի պնթիկը», անդրադարձ ու արդարացում էր  Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ տապալված հանդիպմանը:
 
Կրկին Լաչինի միջանցքի խնդիրը Հայաստանի իշխանությունների պատասխանատվության տիրույթից հանելով և բարդելով բացառապես Ռուսաստանի վրա, հիշատակելով նաև Ադրբեջանի պատասխանատվության մասին, Միրզոյանը միաժամանակ հայտարարեց, թե չի գնացել Բայրամովի և Լավրովի հետ խնդրի քննարկման, որովհետև շատ խառն է եղել:
Իսկ թե ինչով է եղել «խառը»՝ հայտնաբերեց մամուլը. Միրզոյանը կնքում էր սեփական առանձնատան հիփոթեքային պայմանագիրը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիային,  ՔՊ-ական փտող վերնախավը կարծես թե զույգերի է բաժանվել այս հարցի շուրջ՝ մինչ Պապիկյան-Քոչարյան զույգը հերքում է լարվածության մասին խոսակցությունները, Փաշինյան-Միրզոյան դուետը հաստատում է ադրբեջանական հնարավոր նոր հարձակման վտանգը:
 
Հ. Գ. Թե ինչքան դատարկ և անասելիք էր Նիկոլ Փաշինյանը, կարող եք դատել այն հանգամանքից, որ իրեն ուղղված էր ընդամենը մեկ սարքած հարց, այն էլ՝ համայնքների խոշորացման հետ կապված»:

← Վերադառնալ ցուցակին