Լուրեր

«Հարցեր է առաջացնում այն փաստը, որ ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներին չի թույլատրվում մասնակցել եվրոպական կուսակցությունների հանդիպումներին». Անդրեյ Կովաչև

15.03.2023

 «Ես պահանջում եմ Ադրբեջանին կիրառել բոլոր հնարավոր միջոցները և անհապաղ կերպով ապահովել մարդկանց և բեռների երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը՝ ներկայացնելով ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը: Նա նաև փաստեց՝ ՄԱԿ-ը ևս այդպիսի որոշում է ընդունել: Անդրեյ Կովաչևը հայտնեց, որ իր հեղինակած զեկույցում ներառված է նաև Լաչինի միջանցքի հետ կապված հարցը՝ փաստելով, որ կտրված է միակ կենսական կապը ՀՀ-ի և ԼՂ բնակչության միջև, ինչը խորացնում է հումանիտար ճգնաժամը ԼՂ բնակչության համար:


Նա նշեց՝ բանաձևում ամրագրել են մի շարք հիմնարար սկզբունքներ՝ այն է ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականության հարգումը, ազգերի ինքնորոշման իրավունքը: Նրա համոզմամբ՝ միայն այս սկզբունքների հարգումը կարող է հասցնել երկու կողմերի միջև խաղաղության: Անդրեյ Կովաչևն ասաց. «Ես ցավով պետք է նշեմ, որ Մինսկի խումբը ձախողել է: Մենք այս ձևաչափով աշխատել ենք տասնյակ տարիներ և հիմա ստիպված ենք արձանագրել, որ այն ձախողել է: Մենք չենք կարող Ռուսաստանին համարել անաչառ միջնորդ»: Դիմելով ՀՀ իշխանություններին՝ Անդրեյ Կովաչևը նշեց. «Կոչ ենք անում ՀՀ-ին դիվերսիֆիկացնել իր անվտանգային գործընկերությունը և հեռանալ Ռուսաստանից, որն ամեն ինչ անում է մեծացնելու ՀՀ-ի կախվածությունը»:


Ողջունելով ԵՄ դիտորդական առաքելությունը՝ նա Ադրբեջանի իշխանություններին կոչ արեց թույլ տալ ԵՄ դիտորդական առաքելություն իր սահմաններից ներս: Անդրեյ Կովաչևը կարևորեց հայ ռազմագերիների վերադարձը, Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհային հաղորդակցության ապահովումը, ատելության խոսքի բացառումն ու հետագա ռազմական բախումներից խուսափելը: Նա նաև դրական գնահատեց «ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը»:

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողը նաև կարևորեց իրավական դաշտում ՀՀ-ում կատարվող բարեփոխումներն ու ոստիկանության բարեփոխումները: Կարևորեց վիզաների ազատականացման հարցն ու այդ գործընթացն ավարտին հասցնելը: Ելույթի ավարտին Անդրեյ Կովաչևն անդրադարձավ ՀՀ ընդդիմադիր գործիչների գործունեության սահմանափակումներին առնչվող հարցերին ու հայտարարեց. «Ես ուզում եմ նաև բարձրացնել մեկ այլ խնդիր, որը վերաբերում է ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներին: Միշտ հարցեր է առաջացնում այն փաստը, երբ ընդդիմության ներկայացուցիչներին չի թույլատրվում մասնակցել եվրոպական կուսակցությունների հանդիպումներին, որոնց հետ նրանք փոխկապակցված են»: Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին թույլ չէին տվել մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որը տեղի է ունեցել Հելսինկիում՝ մարտի 9-10-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

aravot.am


← Վերադառնալ ցուցակին