Լուրեր

«Պատերազմից անցել է շուրջ 2,5 տարի, ուժային կառույցներն ինչո՞ւ էդ հինգերորդ շարասյունից մի հոգի չեն բռնել». Էդուարդ Շարմազանով

14.03.2023

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ 44-օրյա պատերազմը «պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է հինգերորրդ շարասյուն։ Սա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան թվացել է»։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը։

– Անլուրջ, ջրիկ, վտանգավոր, ադրբեջանահաճո, թրքամետ, կապիտուլյանտ հայտարարություն է։ Անլուրջ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը 2019-ի մարտին հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական դաշտը ողողված է օտարերկրյա գործակալներով, անցել է չորս տարի, մի հատ գործակալի անուն չի կարողացել տալ։ Նա իր այդ անլուրջ, սենսացիոն, հիմար հայտարարությունների չեմպիոն է։ 

Հիմա ապացուցեմ, որ բանակի վերաբերյալ արված հայտարարությունը ոտքից գլուխ սուտ է․ նախ պատերազմից անցել է շուրջ 2,5 տարի, բա այդ ուժային կառույցներն ինչո՞ւ էդ հինգերորդ շարասյունից մի հոգի չեն բռնել, հետևաբար հերթական հիմար ու անհեթեթ հայտարարությունն է արել, որ իր վրայից մեղքը գցի։ 

Երկրորդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին և 19-ին առիթ եմ ունեցել որպես արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ կառավարության շենքում։ Հոկտեմբերի 12-ին ինքն ասել է, որ մեր գործերը ռազմաճակատում շատ վատ են, ու գնում ենք դեպի պարտություն, հոկտեմբերի 19-ին արդեն հայտարարել է, որ պարտվել ենք։ 

Եթե հոկտեմբերի 19-ին ինքը հայտարարել է, որ մենք պարտվել ենք, ինչո՞ւ է հոկտեմբերի 20-ին ինքը մերժել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ըստ որի Շուշին մնում էր հայկական, Աղդամն ու Քելբաջարը մնում էին մերը։ Բա եթե 19-ին մեզ ասում ես, որ պատերազմը պարտված է, ամսի 20-ին քեզ պատերազմը կանգնեցնելու առաջարկ են անում, որն ավելի ձեռնտու է, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, ինչո՞ւ չես ընդունում էդ առաջարկը։ 

Հայաստանի կապիտուլյացիայի պատճառը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի հիմար, անհեթեթ, ջրիկ, հակահայկական դիվանագիտությունն է, որի մասին ես իրեն անձամբ եմ ասել հենց հոկտեմբերի 19-ին։ Որ այսօր ասում է՝ ես կաշկանդված եմ, չեմ կարող ասել՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, բա 2019-ի օգոստոսի 4-ին կաշկանդված չէի՞ր, որ գլուխդ ցցած ասում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, բա որ ասում էիք՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, կաշկանդված չէի՞ք էդ ժամանակ։ 

Ամենակարևորն ասեմ. հոկտեմբերի 19-ին ինքը մեզ ասել է, որ մեր պարտության հիմնական պատճառը թուրքական «Բայրաքթարներն» են, ի՞նչ հինգերորդ շարասյուն է հիմա մեջբերում։ Վերջում ասելու է՝ ինձ ընտրողներն են մեղավոր, ախպե՛ր ջան, ես պատուհաս եմ, ինձ ինչի՞ եք ընտրել։

– Այսինքն՝ այս հայտարարությունն իրեն արդարացնելու նպատակո՞վ է արվել։

– Բա ո՞ւմ, գերագույն գլխավոր հրամանատարն ինքն է, ո՞վ է մեղավոր։ Ես նույն հոկտեմբերի 19-ին հարցրել եմ իրեն, այնտեղ այլ մարդիկ ևս եղել են, թող ասեն՝ Շարմազանովը խաբում է, ասել եմ՝ պարո՛ն վարչապետ, ո՞րն է պատերազմը կանգնեցնելու ու խաղաղություն հայտարարելու գինը, ասել է՝ 5+2։ 5+2-ի մեջ Շուշին ու Հադրութը չէին մտնում, դե թող հիմա սա հերքի։ 

– Պարո՛ն Շարմազանով, ՀԱՊԿ-ի մասով շարունակեց կրկնել այն միտքը, որ «ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից» և ոչ թե հակառակը․․․

– Նա գիտի՝ բոլորն իր նման կիսագրագետ են կամ տգիտության չեմպիոն են, գոյություն ունեն փաստեր, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Եթե ՀԱՊԿ-ն է Հայաստանից հեռանում, տո խելոք, Խաչատուրովին ո՞վ հետ կանչեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ո՞վ հրաժարվեց ՀԱՊԿ գագաթնաժողովում ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը, ճիշտ է՝ Նիկոլը, որով, ըստ Զասի, Հայաստանին ռազմատեխնիկական լուրջ օգնություն էր սպասում, ո՞վ հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից՝ Նիկոլ Փաշինյանը։ Էլ ո՞նց եղավ, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս։ Ճտիկով գրիչի մակարդակի զրույցները թող թարգի, էլի։ 

Հիմա որ ինքը ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ թշնամանում է, նրանց փոխարեն ո՞վ է գալու, կա՞ մի պետություն, կառույց, որ գալիս է։ 

Կրկնում եմ՝ բանակցողը պետք է փոխվի, քանի սա կա, ոչ մի լավ բան մի՛ սպասեք։ Հայաստանը պարտվել է ու շարունակում է պարտվել, որովհետև Հայաստանի կառավարման ղեկին կանգնած է ազգակործան պատուհաս, դիվանագիտությունից չհասկացող, հայկական շահերը պաշտպանել չկարողացող Նիկոլ Փաշինյանը։ 

Հայաստանի հինգերորդ շարասյունը Նիկոլն է ու իր խունտան, որ քանդել է հայոց պետականությունը, քանդում է բանակը, Արցախից էլ արդեն ձեռքերը լվացել է։ Ամենամեծ դավաճանությո՞ւնը չէ՝ կանգնել, ասել՝ ես Արցախի երաշխավորը չեմ, ռուսն է, դրանից մեծ դավաճանությո՞ւն։ 

Ասում է՝ ես զարմանում եմ՝ Սերժ Սարգսյանն այդպես անլրջությամբ ո՞նց է ղեկավարել, գնա քո անլրջության մասին մտածիր, որ պերաշկիից, պագրիշկից, մեկ էլ ճտիկով գրիչից քո աշխարհաքաղաքականությունը վերև չի գնացել։ Քո անլրջությունը տեսանք, որ ֆուտբոլի գնդակի նման Վաշինգտոնից հարվածում են Մոսկվա, Մոսկվայից՝ Անկարա, Անկարայից՝ Բաքու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին