Լուրեր
Չի բացառվում, որ բանը սադրանքի կամ հարձակման չբերի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան նախապատրաստվում է. Տիգրան Աբրահամյան
11.03.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, թե «ադրբեջանական բանակն անհրաժեշտ վճռական քայլեր կձեռնարկի` կանխելու ցանկացած տիպի սադրանք»:
Վերջինս նաև նշել է, որ տեսադիտարկման համակարգերը ֆիքսել են Արցախի պաշտպանական համակարգի մատակարարումների, ինչպես նաև` մարդկային ուժի` ՀՀ-ից Արցախ շարժեր, որոնց ուղղությամբ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Սրան զուգահետ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան ողողված է «փորձագետ-քաղաքագետների», դուրսգրված գործիչների հարցազրույցներով, գրառում-հայտարարություններով, ինչպես նաև` տեսախցիկի ֆիքսված կադրերով, որտեղ նույնիսկ պարզ չէ, թե ինչ մեքենաներ են և ուր են շարժվում:
Այս ամենը նվազագույնը սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն է, որը որպես կանոն Ադրբեջանն անում է որևէ գործողությունից առաջ:
Չի բացառվում, որ բանը սադրանքի կամ հարձակման չբերի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան նախապատրաստվում է:
Ինչ վերաբերվում է ՀՀ-ից մարդկային ուժի կամ տեխնիկայի Արցախ տեղափոխությունների դրվագին, ապա ՀՀ իշխանությունը պատերազմից հետո զորակոչ դեպի Արցախ չի ուղարկում, իսկ սպառազինություն նույնիսկ ՀՀ-ի համար բավարար չափով չի ապահովում, ուր մնաց Արցախ տեղափոխի:
Սրա մասին շատ լավ գիտեն տարածաշրջանի հիմնական երկրները, անկասկած տեսնում են, որ Ադրբեջանը ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում, սակայն նրան կանգնեցնելու բավարար ջանքեր չեն ձեռնարկում» :