Լուրեր

Հարևան Վրաստանում բավականին լուրջ զարգացումներ են տեղի ունենում. Արտակ Զաքարյան

08.03.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես հայտնի է, վրացական «ժողովրդի ուժը» շարժումը երկու օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին, որոնք ներքաղաքական լուրջ հուզումների պատճառ են դարձել: Նախագծերից մեկը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության մասին», մյուսը` «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Վրաստանի խորհրդարանն օրինագիծն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ, ինչն ավելի է սրել իրավիճակը: 

 
Օրինագծերի հակիրճ նկարագրությունն այն է, որ եթե հանրային (ոչ բիզնես) սեկտորի կազմակերպությունները (ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ և այլ հանրային կազմակերպություններ) իրենց տարեկան բյուջեի առնվազն 20%-ը ֆինանսավորվում են օտարերկրյա կառույցների կողմից` պետք է գրանցվեն օտարերկրյա ազդեցության գործակալների ռեեստրում: Այս օրինագծերին աջակցում է իշխող «Վրացական երազանք»-ը, իսկ ընդդիմադիրները դուրս են եկել անհաշտ պայքարի: Արևմտյան դեսպանատներն ու կառույցները բավականին կոշտ քննադատության են ենթարկել Վրաստանի իշխանություններին, իսկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է վետո կիրառել օրենքների նկատմամբ:
 
Կարծում եմ որոշ ժամանակ հետո, ազդեցության մի շարք ռիսկեր նվազեցնելու նպատակով, նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն կարող է լինել նաև Ադրբեջանում: 
 
Իսկ ի՞նչ տեղի կունենա Հայաստանում, եթե նման նախաձեռնություն լինի մեր խորհրդարանում: Այս հարցի պատասխանը թերևս պետք է փնտրել երկիրը կործանման տարած իշխանության սորոսական թևում, ինչպես նաև դրանց սատելիտների վերածված` օտարերկրյա գրանտակեր ՀԿ-ներում ու ԶԼՄ-ներում: Առանց այդ էլ, ըստ որոշ ԶԼՄ հրապարակումների և համառ լուրերի` ՔՊ կոչվող խմբակցությունում խորանում են  ներթիմային պրոբլեմներն ու միմյանց նկատմամբ անվստահությունը: Առկա իրավիճակում Նիկոլի համար նմանատիպ օրինագիծերը կկոչվեն կտրել այն ճյուղը, որի վրա թառել է իր տխրահռչակ իշխանությունը: 
 
Վրացական օրինագծերը Հայաստանում ընդունելուց մեկ տարի հետո, ՔՊ ֆրակցիայի բավականին թվով պատգամավորներ, ինչպես նաև գործադիր մարմնի ներկայացուցիչներ համարվելու էին պետության կողմից «օտարերկրյա ազդեցության գործակալ» ճանաչվող կազմակերպությունների «նախկին» աշխատակիցներ: Եթե Վրաստանում ընդդիմությունն է պայքարում նախաձեռնության դեմ, մեզ մոտ իշխանությունն է դեմ լինելու նման նախագծերին:
 
Հ.Գ.
Այնուամենայնիվ, հարևան Վրաստանում բավականին լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Հուսանք, որ այն չի խաթարի մեր բարեկամ երկրի ներքաղաքական կայունությունը: Կարծում եմ, որ այդ օրինագիծը ևս Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական կոշտ պայքարի («հյուսիս-հարավ»-ն ընդդեմ «արևմուտք-արևելք» կոմունիկացիոն պրոյեկտի) դրսևորման ձևերից մեկն է»:

← Վերադառնալ ցուցակին