Լուրեր

Արցախի իշխանությունը որոշակի պարբերությամբ թվացյալ դիմադրություն է ցույց տալիս ՀՀ իշխանության դավադիր քաղաքական կուրսին. Տիգրան Աբրահամյան

06.03.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի նախագահն այսօր հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»: 

Այս հեռանկարի ու Ադրբեջանի իրական նպատակների մասին բազմիցս զգուշացրել եմ:
 
Ամենատարբեր առիթներով բարձրաձայնել եմ, ահազանգել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Արցախի հետ հավասար հարաբերությունների ստեղծումն ու առկա խնդիրների կարգավորումն է, այլ սեփական պատկերացումների միջոցով Արցախի ադրբեջանացմանը հասնել:
 
Հիմա նոր Արցախի իշխանությունը ազդանշան է հղում առ այն, որ Ադրբեջանը սպառնում է «կոշտ ու կտրուկ» քայլերի անցնել. մի բան, որն ակնհայտ էր դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Ադրբեջանն առաջին անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կոպիտ խախտում արեց ու վերահսկողություն հաստատեց Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերի նկատմամբ:
2-3 տարի է ՀՀ իշխանությունը հասարակությանն ակնհայտ մոլորեցնում է տարաբնույթ «խաղաղասիրական» օրակարգերով, իսկ իրականում նոր պատերազմ, նոր զոհեր բերում:
 
Արցախի իշխանությունը որոշակի պարբերությամբ թվացյալ դիմադրություն է ցույց տալիս ՀՀ իշխանության դավադիր քաղաքական կուրսին, սակայն ամենապատասխանատու փուլում «կուլ գնում» և հնազանդվում Երևանից իջեցվող չափազանց վտանգավոր օրակարգերին:
Հերթական ծանրագույն հանգրվանում ենք` անկանխատեսելի հետևանքներով» :

← Վերադառնալ ցուցակին