Լուրեր
Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան Հայաստանի շարունակվող արտաքին քաղաքականության հետևանք է. Արտակ Զաքարյան
06.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան Հայաստանի շարունակվող արտաքին քաղաքականության հետևանք է:
Հարավային Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման վրա կառուցված արտաքին քաղաքականությունը, ցավոք անընդհատ բերելու է նմանատիպ մեծ ու փոքր բախումների: Յուրաքանչյուր անգամ զոհեր տալով` Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը` Հայաստանին: Այնինչ և´ Ալիևը, և´Փաշինյանը դրանով լուծում են ընդամենը մեկ հարց` իրենց անձնական իշխանությունը պահելու հարցը: Նրանք լավ գիտակցում են, որ ինչ էլ պայմանավերվեն` չեն կարողանալու միաժամանակ գոհացնել և´ Արևմուտքին, և´ Ռուսաստանին: Չեն կարողանալու դրանք կյանքի կոչել նաև երկրի ներսում:
Հետևաբար, «խաղաղության օրակարգն» ի սկզբանե մեծ բլեֆ է: Այնինչ «խաղաղությանը» սպասում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Չկարողանալով դուրս գալ սխալ քաղաքական հետագծից` Նիկոլը և Ալիևը գնացել են իրենց հանրությանը մատաղ անելու ճանապարհով, որովհետև երկուսն էլ ցանկանում են պայմանավորվել առանց անձնական պատասխանատվություն վերցնելու:
Արևմուտքին անհրաժեշտ է ցանկացած գնով տեղավորվել Հարավային Կովկասում, իսկ Ռուսաստանին` ցանկացած գնով թույլ չտալ իր ազդեցության թուլացում: Այդ նպատակներից ելնելով, երկու կողմերն էլ թելադրում են խաղի իրենց կանոնները ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Առաջիկայում աշխահաքաղաքական խաղը կարող է շատ ավելի ծանր հետևանքների առջև կանգնեցնել մեզ, եթե Արևմուտքում որոշվի Իրանի դեմ գործողություններ սկսել: Սա տարածաշրջանային մեծ պայթյունի սկիզբն է լինելու, որը կարող է էապես փոփոխել տարածաշրջանի պատկերը:
Նիկոլը շատ կցանկանար, որ չմտներ այս խաղերի մեջ, կամ գոնե փոխեր Հայաստանի պարտվողական քաղաքականության էությունը: Սակայն իշխանությունն իր համար ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքերը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի շահերը: Բազմաթիվ անգամներ ասել ենք և էլի շարունակում ենք կրկնել. անվերջ կորուստներ ու զոհեր տալը դադարեցնելու և արժանապատիվ խաղաղության հասնելու համար Հայաստանն ունի մեկ ճանապարհ` փոխել իշխանությունը: Մյուս ճանապահը մեծ բլեֆի շարունակությունն է, որը կոչվում է խաբեություն: Հանդուրժելով Նիկոլի իշխանությանը, մենք բոլորս զբաղվում ենք ինքնախաբեությամբ:
Փոփոխված իշխանությունը հնարավորություն ունի Հայաստանն ու Արցախը դուրս բերել օտար շահերի բախումների վրա հիմնված տգետ քաղաքականությունից: Եվ քանի դեռ ոչինչ չի ստորագրվել` այն կարող է իրական բանակցություններ սկսել իրական խաղաղության և հայկական շահերի համադրման հասնելու համար: Այդ պարագայում կփոխվի նաև Ադրբեջանի վարքագիծը, կամ հակառակ դեպքում` կփոխվի նաև Ադրբեջանի բռնատիրական իշխանությունը: Տարածաշրջանը կարող է նաև խուսափել հետագա առավել ծանր ու կործանարար բախումներից»: