Լուրեր

Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան

04.03.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին և´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, և´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են փոխանցում Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է  Ադրբեջանի որոշակի ակտիվություն:
 
Նշեմ, որ այս միտումը դրսևորվում է առնվազն վերջին 20 օրվա ընթացքում:
Ադրբեջանական սադրանքները հիմնականում դրսևորվում են ակտիվացող գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին, փորձ է արվում խնդիրներ ստեղծել ՊԲ մարտական հերթապահություն իրականացվող անձնակազմի համար, սակայն գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է:
 
Ի դեպ, վերջին օրերին, Ադրբեջանը հիմնական կրակահերթերն արձակում է առաջնագծի` տեխնիկական ապահովումն իրականացնող միջոցների ուղղությամբ: 
Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը:
 
Այս հարցի հետ կապված տարբեր գործոններ են առկա, սակայն առանցքայինն այն է, որ «Լաչինի միջանցքի» փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել` գազի, էլեկտրաէներգիայի խափանումներ և այլն, որոնք եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված աստիճանաբար իրենց ազդեցությունը կորցնում են, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք համարժեք փոփոխության ենթարկել, ինչի հետևանքով որոշակի ակտիվացում է մտցնում առաջնագծում»:

← Վերադառնալ ցուցակին