Լուրեր
Ներողություն կխնդրեմ կապիտուլյանտ Նիկոլից, եթե նա այսօվա պանելային քննարկմանը մասնակցի ու հայտարարի հետևյալը. Արտակ Զաքարյան
18.02.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անվտանգության մյունխենյան համաժողովի օրակարգերն ու պանելային քննարկումների մասնակիցների ցանկերը հրապարակվել էին նախապես: Երեկ ժամը 19:00 դրությամբ, «Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» թեմայով պանելին` Իլհամի ու Ղարիբաշվիլու կողքին Նիկոլը չկար: Այնինչ, ուշ երեկոյան նրա անունը հայտնվեց օրակարգում:
Կարծում եմ եվրոպացիները (ենթադրում եմ` Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը) ամոթանք են տվել ու մի փոքր էլ երևի քաջալերել են Նիկոլին` ասելով, որ ամոթ է չմասնայցելը մի քննարկմանը, որի կարիքն ամենաշատը Հայաստանն ունի: Նիկոլն էլ գցել բռնել է, որ չմասնակցելն ավելի մեծ խայտառակություն է քան մասնակցելը ու բնականաբար խնդրել են համաժողովի նախագահությանը, որպեսզի իր անունն էլ ավելացնեն:
Երեկվա ֆեյսբուքյան գրառումս չեղյալ կանեմ ու նույնիսկ ներողություն կխնդրեմ կապիտուլյանտ Նիկոլից, եթե նա այսօվա պանելային քննարկմանը մասնակցի ու հայտարարի հետևյալը.
1. Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում և «խաղաղության պայմանագրում» պետք է հստակ ձևակերպում լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր հեռանկարի մասին: Սա Հարավային Կովկասի երկարատև և կայուն խաղաղության համար առանցքային հարց է:
2. Մինչ խաղաղության մասին խոսելը Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից և վերադարձնի բոլոր գերևարված անձանց:
3. Ադրբեջանը պետք է դադարեցնի իր էկոավանտյուրան, անհապաղ վերացնի Արցախի շրջափակումը, հստակ երաշխիքներ տա Լաչինի միջանցքի անխափան երթևեկության համար և վերականգնի էներգամատակարարման բոլոր միջոցները: Արցախի հայաթափման և ճնշումների քաղաքականությունը չի կարող հանգեցնել Հարավային Կովկասի անվտանգության ապահովմանը:
4. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով և հակառակը: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը որպես տարածաշրջանի անվտանգային բաղադրիչ` շարունակելու է լինել հայ ժողովրդի առաջնահերթություններից մեկը:
5. Ռուսաստանը և Իրանը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր և բարեկամ երկրներ են: Հարավային Կովկասում անվտանգության ապահովումն առանց նրանց ակտիվ դերակատարման` չի կարող երաշխավորված լինել:
Հայաստանի ցանկացած նորմալ ներկայացուցիչ, Մյունխենի անվտանգության համաժողովում ամենաքիչն այսքանը կհայտարարեր` ելնելով առկա պայթյունավտանգ իրավիճակից:
Նիկո´լ, հիշիր նաև, որ 2020թ. փետրվարի 15-ին, նույն Մյունխենի անվտանգության համաժողովում քո ունեցած խայտառակ քննարկումից հետո, հրապարակեցիր «մյունխենյան 6 սկզբունքներ» հիմարությունը: Իմացի´ր, մենք չե´նք մոռացել, որ այդ հիմար գրառումով ևս մեկ հարված էիր հասցրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին` 44 օրյա պատերազմը դարձնելով առավել հավանական»: