Լուրեր
Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակի ընթացքում, ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումների կարևորագույն խնդիրներն են եղել բանակի մարտունակության ամրապնդումն ու բարձրացումը. Հ. Դանիելյան
11.02.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակի ընթացքում, ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումների կարևորագույն խնդիրներն են եղել բանակի մարտունակության ամրապնդումն ու բարձրացումը, համալրումը արդիական սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով։
Տվյալ խնդիրների լուծումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումներով, երկրի պաշտպանությամբ մտահոգ անձանց նվիրատվություններով և այլ աղբյուրներից գոյացած ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք գումարով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ կնքված տարբեր պայմանագրերի, այդ թվում` 2015թ.֊ին կնքված 200 միլիոն դոլարի չափով միջպետական վարկային պայմանագրի, և 2017 թ.֊ին կնքված 100 միլիոն դոլարի չափով միջպետական վարկային պայմանագրի միջոցներով։
Նպատակային քայլեր են ձեռնարկվել սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման ու մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ։ Մասնավորապես, լայն թափ են ստացել նոր տեսակի արգելափակոցների տեղադրման, ինժեներական կառույցների արդիականացման աշխատանքները։
Առավել վտանգավոր մարտական դիրքերն ապահովվել են տեսադիտարկման և ազդարարման ժամանակակից տեխնիկական միջոցներով` նպաստելով հակառակորդի դիվերսիոն խմբերի` ժամանակին հայտնաբերմանն ու վնասազերծմանը։
Տեսանելիորեն բարելավվել են առաջնագծի օպերատիվ կահավորումը և անձնակազմի կենցաղային պայմանները։
Վերջին տասը տարիներին (2008֊2018թթ.) սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման, վերականգման և արդիականացման արդյունքում ՀՀ զինված ուժերի մարտական կարողություններն ավելացել են մոտ
10%-ով։
Հատկանշական է, որ հարվածային և կրակային խոցման հեռավորության ճշգրտության արդյունավետության բարձրացման նպատակով, բանակը համալրվել է հակառակորդին զսպելու և սթափեցնելու հզոր միջոցներով` համազարկային կրակի«Սմերչ» ռեակտիվ կայանքներով, «Իսկանդեր Մ» և «Տոչկա Ու» օպերատիվ մարտավարական համալիրներով։ Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի կողմից 2016-2018 թթ. ստացել ենք 50 հազար տոննա ռազմական օժանդակություն, որի համար չենք վճարել։
Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապահովվել են արդիական սպառազինությամբ, իսկ առաջնագծի զորամասերը` մեծաքանակ օպտիկական, ջերմատեսիլային և գիշերային դիտարկման սարքերով։ Հատկանշական է, որ սպառազինությունների արդիականացման ու ձեռքբերման գործում կարևոր դերակատարում է ունեցել «Հայրենական ռազմարդյունաբերական» համալիրը։
2008֊2018թթ.֊ին ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումներից Պաշտպանության նախարարության ծախսերին է ուղղվել շուրջ 1,7 տրիլիոն ՀՀ դրամ, որը տարեկան կտրվածքով կազմում է նույն ժամանակահատվածի համախառն ներքին արդյունքի շուրջ 4%-ը:
ՀՀ զինված ուժերի ռազմավարական պլանավորման և մարտական պատրաստվածության առումով, նշյալ ժամանակահատվածում պետական և ռազմական կառավարման մարմինների ներգրավվածությամբ անցկացվել են` «Արձագանք 2013» և «Շանթ 2015»ռազմավարական, հրամանաշտաբային զորավարժությունները` էապես բարձրացնելով այս ասպարեզում, այդ թվում` պատերազմական իրավիճակում պետական մարմինների գործողությունների ներդաշնակությունը և փոխգործակցության մակարդակը»։